Ստեփանավանի թիվ 2 դպրոցի 1-ին դասարանի ծնողներից պահանջում են նամակ գրել, որ իրենց կամքով են 10 000 դրամ հավաքում

22:12 • 05.05.14

Ստեփանավանի թիվ 2 դպրոցի 1-ին դասարանի ծնողներին ժողովի են հրավիրել՝ պարզելու, թե նրանցից ովքեր են կոնկրետ «Ժառագություն» կուսակցության անդամ Անահիտ Բախշյանին փոխանցել տեղեկությունը, որ հանդեսի համար դպրոցում ծնողներից 10 000-ական դրամ են հավաքում։

 

Ծնողները հասկանալի պատճառով չներկայացան, բայց նշեցին, որ արդեն իսկ ստորագրություն են հավաքում, իբրև թե՝ դպրոցում նման դրամահավաք կազմակերպել են՝ առանց տնօրենի իմացության և ծնողների կամքով։ Թեև ըստ նրանց՝ ծնողների կամքով չի կազմակերպվել դրամահավաքը, բայց նրանից ոչ մեկը չի կարողանում դեմ դուրս գալ տնօրինությանը։

 

«Հիմա բոլորս էլ պետք է ստորագրենք, չի լինի, որ չստորագրենք»,-Tert.am-ի հետ զրույցում նշեցին ծնողները։ Հարցին՝ վախենո՞ւմ եք, պատասխանեցին. «Բա ի՞նչ ենք անում»։


Ծնողները նշեցին, որ եթե գումարն, այդուհանդերձ, հավաքեն, միևնույն է՝ հաջորդ անգամ նման դրամահավաքությունը կանխելու համար խրատ կլինի։

 

Հիշեցնենք, որ Անահիտ Բախշյանն այսօր հայտարարել էր, որ Ստեփանավանի թիվ 2 դպրոցի տնօրենը հանդեսի հետ կապված՝ առաջին դասարանցիների ծնողներից 10 000-ական դրամ է հավաքում: Նա Լոռու մարզպետին հորդորել էր կարգի հրավիրել կաշառակեր տնօրենին։

 

«Այս լուրը ձեր միջոցով տարածելով՝ ահազանգում եմ Լոռու մարզպետ Նալբանդյանին. թող կարգի հրավիրի այդ կնոջը ոնց որ պետք է»,-նշել էր նա։


 

Ստեփանավանի թիվ 2 դպրոցի 1-ին դասարանի ծնողներից պահանջում են նամակ գրել, որ իրենց կամքով են 10 000 դրամ հավաքում