Թայլանդում 6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Թայլանդում 6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Ինչպես հաղորդում է INTERFAX-ը՝ Associated Press-ին հղումով, աղետի հետևանքով զոհերի մասին չի հաղորդվում, իսկ տուժողների թիվը չի հստակեցվում: Հայտնի է միայն, որ նրանք թեթև վնասվածքներ են ստացել:
ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալներով՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է հյուսիսային Չիանգրայ նահանգի Մաե Լաո շրջանից 9 կմ հեռավորության վրա: Երկրաշարժի օջախը գտնվել է 7.4 կմ խորության վրա:
Երկրաշարժի հետևանքով տարհանվել է Չիանգրայ քաղաքի օդանավակայանը: Օդանավակայանի շենքը թեթևակիորեն վնասվել է: Ականատեսները, մասնավորապես, հաղորդում են, որ տեղ-տեղ փլուզվել է առաստաղը, սակայն թռիչքուղին չի վնասվել, և թռիչքներից ոչ մեկը չի հետաձգվել:










