Թաիլանդում նշում են թագավորի գահակալման 64-ամյակը (լուսանկարներ)
Թաիլանդի բնակիչները նշում են պետական ամենակարևոր տոներից մեկը՝ թագավոր Պումիպոն Ադուլյադեթի թագադրման օրը, հայտնում է ИТАР-ТАСС-ը։
Թագադրման օրը լայնորեն նշելու ավանդույթը Թաիլանդում սկսվել է դեռևս 19-րդ դարի կեսերին՝ Ռամա Չորրորդ թագավորի կողմից։ Առաջին անգամ այդ օրը նշել են 1851թ. ապրիլի 6-ին։ Արարողության օրը փոփոխվել է յուրաքանչյուր անգամ, երբ նոր միապետ է նստել գահին։
Պումիպոն Ադուլյադեթը թագադրվել է 1950թ. մայիսի 5-ին և համարվում է երկրի պատմության մեջ ամենաերկար կառավարող միապետը։
Տոնակատարության կենտրոնն այս տարի Քլայ Քանգվոն պալատն է դարձել։ Տասնյակ հազարավոր քաղաքացիներ տեղ են զբաղեցրել պալատի շուրջ արդեն իսկ մեկ օր առաջ՝ միապետին ողջունելու հնարավորություն ունենալու համար։
Թագավորական դեղին գույնի հագուստներով հսկայական ամբոխը ողջունել է 86-ամյա թագավորին՝ թափահարելով փոքրիկ դրոշակներ և երկարակեցություն մաղթելով։ Թագավորն անցել է ժողովրդի միջով սպիտակ մեքենայով և ողջունել հավաքվածներին։ Այնուհետ նա զբաղեցրել է իր տեղը հանդիսությունների սրահում, որտեղ հավաքվել են թագավորական ընտանիքի անդամները, բանակի ներկայացուցիչները և այլ հյուրեր։ Թագուհի Սիրիկիտն առողջական խնդիրների պատճառով չի կարողացել ներկա գտնվել արարողությանը։














