Մեկ տրիլիոն դոլարի առաջին սեփականատերը կհայտնվի 25 տարուց. ԶԼՄ-ներ
Մեկ տրիլիոն ԱՄՆ դոլարի հասնող անձնական կարողության սեփականատերը կհայտնվի 2039 թվականին, գրում է ИТАР-ТАСС-ը՝ հղում անելով The Times բրիտանական թերթին։
«Առաջին տրիլիոնատերը կգրանցվի 25 տարուց, ըստ երևույթին տրիլիոնատեր կդառնա Հնդկաստանի կամ Չինաստանի բնակիչ, որտեղ տնտեսությունը համաշխարհային պատմության մեջ աննախադեպ աճ է գրանցում»,- գրում է թերթը:
Թերթը մեջբերում է խորհրդատվական Wealth Insight ընկերության աշխատակից Օլիվեր Ուիլյամի կարծիքը, համաձայն որի՝ «տրիլիոնանոց կարողության սեփականատեր կդառնա մեկը, ով այնպիսի բան կստեղծի, որն ամբողջությամբ կփոխի մեր աշխարհը, ինչպես արեց Բիլ Գեյթսն անձնական համակարգչի օգնությամբ»:
«Դա կարող է լինել համաշխարհային խնդրի լուծում, ինչպիսին է խմելու ջրի պակասը կամ մի բան, ինչի մասին աշխարհը դեռ չգիտի, ինչպես Facebook-ի դեպքում էր»,- ընդգծել է Ուիլյամը:
Նա կարծում է, որ առաջին տրիլիոնատերը կհայտնվի ԱՄՆ-ում, որտեղ «կապիտալի կենտրոնացման գործընթացն առավել արտահայտված է»։
Թերթը նաև անդրադառնում է շվեյցարական Credit Suisse բանկի հաշվարկներին, որոնց համաձայն երկու սերունդ հետո աշխարհում կլինի մեկ տրիլիոն դոլարը գերազանցող կարողությունների 11 սեփականատեր։










