Ուկրաինայի արևելքում հակաահաբեկչական գործողությունը կշարունակվի. Տուրչինով
Հակաահաբեկչական գործողությունն Ուկրաինայի արևելքում կշարունակվի և կտա իր արդյունքները: Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը «5 канал»-ին տված հարցազրույցում, գրում է УНИАН-ը:
Նրա խոսքով՝ արևելյան շրջաններին օգնելու և մյուս շրջաններում անջատողական գործողություններն անհնարին դարձնելու նպատակով ՆԳՆ-ին կից ստեղծվում են հատուկ ստորաբաժանումներ, և այսօրվա դրությամբ արդեն գործում է յոթ այդպիսի գումարտակ:
Ընդ որում՝ Տուրչինովը բարձր է գնահատել Ազգային գվարդիայի պրոֆեսիոնալ գործողությունները հակաահաբեկչական գործողության ժամանակ:
Տուրչինովի խոսքով՝ արևելյան շրջաններում հակաահաբեկչական գործողությունների անցկացումը դժվարանում է, «որովհետև այդ շրջանների բնակիչներն աջակցում են անջատողականներին»։
Նա նաև նշել է, որ ոստիկանության որոշ աշխատակիցներ նույնպես համակրում են անջատողականներին: Այդ պատճառով, Տուրչինովի խոսքով, այդ շրջաններում պետք է գրեթե ամբողջությամբ թարմացնել իրավապահ կառույցները։










