Ուկրաինայում իրավիճակը կարող է կոնֆլիկտների սրման հանգեցնել ողջ Եվրոպայում. ՌԴ ԱԳՆ

15:13 • 05.05.14

ՌԴ արտաքին գործերի նախարարությունը կարծում է, որ Ուկրաինայում անօրինականության շարունակությունը կարող է կոնֆլիկտների սրման հանգեցնել ողջ Եվրոպայում, այդ մասին ասված է Արտաքին գործերի նախարարության այսպես կոչված «Սպիտակ գրքում», որի տեքստը ներկայացվել է Կրեմլի կայքում, գրում է ria.ru-ն:

 

«Համոզված ենք, որ Ուկրաինայում անօրինականության շարունակությունը կարող է վերաճել տարածաշրջանային խաղաղության և անվտանգության լուրջ սպառնալիքի, հանգեցնել միջազգային և միջէթնիկ հակասությունների և կոնֆլիկտների հետագա աճի ինչպես Ուկրաինայում, այնպես էլ Եվրոպայում»,- ասված է զեկույցում:

 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ գիրքը, որտեղ ընդհանրացվել են Ուկրաինայում 2013 թվականի նոյեմբերի վերջից մինչև 2014 թվականի մարտի վերջ մարդու իրավունքների խախտումների փաստերը, ներկայացվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին:

 

«Հույս ունենք, որ վերջապես դա կհասկանան պրոֆիլային միջազգային կառույցներում, որոնք իրենց մանդատների շրջանակներում պետք է ներդրում ունենան մարդու իրավունքների բազմաթիվ խախտումների օբյեկտիվ և չքաղաքականացված հետաքննությունների անցկացման և Ուկրաինայում օրենքի գերակայության սկզբունքի խնդրի լուծման հարցում։ Մեղավորները պետք է իրենց արժանի պատիժը կրեն: Հակառակ դեպքում ծայրահեղականները կարող են վտանգավոր խրախուսական ազդանշան ստանալ»,- ասված է հաղորդագրությունում: