ՀՀ–ում այսուհետ պետությունը հաշմանդամների աշխատավարձը 6 ամիս կփոխհատուցի. Արմեն Ալավերդյան
Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առիթով այսօր լրագրողների հետ հանդիպմանը «Ունիսոն» ՀԿ գործադիր տնօրեն Արմեն Ալավերդյանն անդրադարձավ «Աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորման դեպքում գործատուին աշխատավարձի մասնակի փոխհատուցման տրամադրման» կարգին, որը ժամանակավորապես նախ կասեցվել է և վերջերս կառավարության որոշմամբ փոփոխման ենթարկվել:
«Այն շատ արդյունավետ ծրագիր էր և մեծ թափ էր առնում: Նախկինում առավելությունն այն էր, որ նախատեսված էր երկու տարով, այսինքն՝ երկու տարի շարունակ պետությունը պարտավորվում էր գործատուին փոխհատուցում տալ հաշմանդամություն ունեցող անձի աշխատանքի համար և հիմնականում այն ձեռնտու էր հատկապես փոքր ձեռնարկություններին, բայց ներկայումս փոփոխվել է ժամկետը և դարձել 6 ամիս, ինչը հետաքրքրություն չի կարող առաջացնել գործատուների շրջանում»,- ասաց նա:
«Ունիսոն» ՀԿ հանրային կապերի ղեկավար Մարիաննա Չալիկյանը իր հերթին նշեց, որ նախկինում կարգը տարածվում էր հաշմանդամություն ունեցող բոլոր անձանց վրա՝ անկախ կարգից, իսկ այս դեպքում՝ միայն առաջին կարգ ունեցողների վրա:
«Կարգը տարածվում է նաև այն մարդկանց վրա, ովքեր բացի հաշմանդամության կարգից ունեն նաև այլ խնդիրներ, օրինակ՝ ենթարկվել են թրաֆիքինգի: Պետք է հասկանալ, որ եթե հաշմանդամություն ունեցող անձը երկու տարի աշխատում է նա աշխատաշուկայում դառնում է մրցունակ, և եթե գործատուն երկու տարի հետո չցանկանա նրան պահել որպես աշխատող, ապա ինքը ավելի մեծ հավանականություն ունի աշխատանք գտնելու, քան վեց ամիս աշխատանքային փորձ ունեցողը»,- ասաց նա:
Արմեն Ալավերդյանը անդրադարձավ հաշմանդամություն ունեցող անձանց այլ խնդիրներին՝ մասնավորապես տեղաշարժման և նշեց, որ դրական տեղաշարժեր արդեն գրանցվում են մայրաքաղաքում:
«Այսօր դեռևս մատչելի չեն մշակութային օջախները, որոնք պարտավոր են 100%-անոց ապահովվածություն ապահովել: Այսինքն՝ այն բոլոր հաստատությունները, որոնք այլընտրանք չունեն՝ դատարաններ, կրթական օջախներ, պետական հաստատություններ, պարտավոր են ապահովել տեղաշարժման իրավունքը»,-ասաց նա:










