Աֆղանստան, Իրաք, Լիբիա, Սիրիա, Ուկրաինա. 5 պատերազմ, որ սկսվել է առանց պատճառի. Աշոտ Մանուչարյան

15:05 • 06.05.14

«Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ Ուկրաինայի պատերազմը թվով հինգերորդն է, որ վերջին տասը տարում եղել է և նրանք բոլորն էլ գրեթե նույն ընդհանրությունն ունեն՝ պատերազմներ են առանց պատճառի։


Քաղաքական գործիչը թվարկեց. առաջինը Աֆղանստանն էր, հետո Իրաքը, ապա Լիբիան, Սիրիան և հիմա էլ Ուկրաինան։ «Այս երկրներում մեծ թշնամանք է տիրում, իրար ուտում են, ասել, որ սա պատահականություն է, սխալ կլինի։ Նրանք բոլորն էլ ունեն մեկ օրինաչափություն, եթե փնտրեք ինչից է սկսել պատերազմը՝ չեք գտնի, կամ էլ չնչին առիթ կգտնեք»,- նշեց նա։


Աշոտ Մանուչարյանի խոսքով՝ Աֆղանստանը գուցե հետամնաց երկիր է, բայց դա, ըստ նրա, արյունահեղություն սկսելու պատճառ չէ, քանի որ հետամնաց երկներ շատ կան, ինչպես օրինակ Պակիստանն է։


Մանուչարյանը շարունակեց, թե Միացյալ Նահանգները Իրաքում քաղաքացիական պատերազմ հրահրեցին՝ պնդելով, թե այնտեղ միջուկային ռումբ կա, սակայն այդպես էլ որևէ մեկը ռումբ չգտավ։ Այնուհետև նա հարց հնչեցրեց, որ եթե ԱՄՆ-ն սխալվել էր, ինչու չասաց, որ սխալվել է։ «Հիմա լիներ մեկ այլ երկիր, միջազգային տրիբունայի առաջ կկանգներ, քանի որ այդ երկրում ուր խաղաղություն էր, ամեն օր տասնյակ մարդիկ էին սպանվում»,- նշեց նա։


«Ղարաբաղ» կոմիտեի անդամը համաձայն է՝ այդ երկրներում առաջնորդները գուցեև դիկտատոր են եղել, բայց միաժամանակ նույն Սիրիայում, ըստ նրա, անվճար բուժում կար, անվճար կրթություն, իհարկե, խնդիրներ էլ կային, բայց հեռանկար էլ կար։ «Հիմա ոչ մի բան չկա, բացի սպանությունից»,- ասաց նա։


Բանախոսը նկատեց, թե այսքանից հետո զարմանալի դաշինքներ են ստեղծվում, ինչպես օրինակ՝ Սաուդյան Արաբյան այս ամենը տեսնելով Եգիպտոսի հետ դաշինք է ստեղծում, Իրանի հետ է համագործակցում, որպեսզի տարածաշրջանը չբերեն այդ վիճակի։ «Բայց մեկ է, ֆունդամենտալ պրոբլեմը լուծված չէ»,- ասաց նա։


Նրա խոսքով՝ այդ բոլոր պատերազմները նրա համար են, որպեսզի նյութական դաշտը ոչնչացվի, բայց տնտեսական համակարգը շարունակի աշխատել։


Աշոտ Մանուչարյանը նկատեց, թե ամբողջ մոլորակն ու քաղաքակրթությունը հայտնվել է նման ցնցումների մեջ, քանի որ այն աշխարհակարգը որ կար, փլուզվում է։ «Իրենց միսիան ավարտվել է և հիմա նորի ծնունդ է գալիս, որը չգիտեք ինչ է։ Համակարգը հեռանում է իսկ նորը ծնող աշխարհը դրա դեմ ընդվզումների մեջ է»,- ասաց նա և այս հարցում նկատեց, թե ԱՄՆ-ն գոյություն ունեցող համակարգի պահապանն է, իսկ Ռուսաստանը՝ ընդվզման հիմնական կրողը։