Rezvani Motors ամերիկյան ընկերությունը գաղտնազերծել է իր առաջին սպորտային մեքենան (լուսանկարներ)

23:27 • 06.05.14

Rezvani Motors ամերիկյան ընկերությունը պաշտոնապես ներկայացրել է իր առաջին մոդելը՝ Beast անվանումն ստացած ռոդսթերը՝ ալյումինային թափքով:


Ինչպես գրում է Motor.ru-ն՝ սպորտային մեքենան կառուցվել է Ariel Atom շասսիի հիման վրա: Նորույթի դիզայնով զբաղվել է Bulleta Motors RF22 կուպեի արտաքին տեսքի հեղինակը, ով ընդգրկված է նաև Lamborghini Urus և Aventador J մոդելների դիզայնի վրա աշխատող մասնագետների թիմում:


Միջին ծավալային շարժիչով ռոդսթերը, որ նախատեսված է ընդհանուր օգտագործման փողոցներում երթևեկելու համար, ներկայանալու է երկու տարբերակով՝ Beast 300 և 500: Առաջին տարբերակում սպորտային մեքենան համալրված կլինի 2 լիտր ծավալով բենզինային շարժիչով, որի հզորությունը կազմում է 315 ձիաուժ: Մոդելի քաշը կկազմի 667 կգ: 96 կմ/ժամ արագությունը մեքենան զարգացնում է 2,9 վայրկյանում: 


Մյուս տարբերակում մեքենան համալրված է 2,4 լիտր ծավալով 4 մխոցային շարժիչով՝ 500 ձիաուժ հզորությամբ: Այս մոդելի քաշը կազմում է 704 կգ, իսկ 96 կմ/ժամ արագությունն այն զարգացնում է 2,7 վայրկյանում: Երկու շարժիչներն էլ համալրված են 6 աստիճան մեխանիկական տուփով:


Beast 300-ի գինը 119 հազար դոլար է, իսկ Beast 500-ինը՝ 139 հազար դոլար:

 


 

Rezvani Motors ամերիկյան ընկերությունը գաղտնազերծել է իր առաջին սպորտային մեքենան (լուսանկարներ)