Միշտ որդին ավելի շատ է իմացել, քան հայրը, իսկ հիմա եկել ենք այն վիճակին, որ հաջորդ սերունդն ավելի դմբո է. Ա. Մանուչարյան
Ներկայիս գլոբալ քաղաքականության իրավիճակի լավագույն գնահատականը «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանի խոսքով՝ 2000 տարի առաջ մի խելոք մարդ է տվել, այն է՝ հպատակների ստամոքսը պետք է լիքը լինի, գլուխները՝ դատարկ։ «Այս գործիքի կառավարումը հասել է կատարելության և փորձում են մարդկությանն առավելագույնս հիմարացած պահել»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա և օրինակ բերեց, որ եթե սոցիալիստական համակարգում կրթական համակարգը կատարելագործմանն էր ուղղված, այժմ արդեն աշխարհաքաղաքական ուժերն անցել են ապակրթացման։
«Կրթության մակարդակը կտրուկ ընկել է»,- ասաց նա և օրինակ բերեց Երևանի մայր բուհը, թե վերջին հինգ տարում ԵՊՀ-ն համաշխարհային բուհական համակարգում 500-րդ հորիզոնականն է իջել։
«Սա բերել է նրան, որ մենք չենք հասկանում, որ մենք վերջին սերունդն ենք, որն ավելի անգրագետ ենք, քան մեր նախորդները, մինչև այդ մենք միշտ աճել ենք, միշտ որդին ավելի շատ է իմացել, քան հայրը, պապն ավելի քիչ է իմացել, քան նրա տղան, իսկ հիմա եկել ենք այն վիճակին, որ հաջորդ սերունդն ավելի դմբո է, իսկ այդ նույն դմբոյին սովորեցնում են, թե ինքն ավելի ազատ է ու ինչ ուզի կանի»,- ասաց նա։
«Մենք պետք է սա կարողանանք լուծել, խորքային լուծել, Ուկրաինայում ի՞նչ եղավ, երիտասարդությունը վեր կացավ և իր տունը քանդեց և նման ճակատագիր է սպասվում նաև այլևայլ երկրներում»,- ասաց նա և ընդգծեց, թե դրանից ապահովագրված չէ նաև Հայաստանը, քանի որ այստեղ էլ երկբևեռ «կլիշեներ» են բերում, մի կողմը՝ կեցցե ազատատենչ Ուկրաինան, մի մասն էլ ՝ կեցցե Ռուսաստանը։
«Եվ դրա համար պետք է սովորենք չբաժանվել ճամբարների ու իրար խփել։ Մեկը պաշտպանում է Մայդանին, մեկը՝ հակամայդանին»,- ասաց նա։










