Հաճախորդի դեմքն ասեղային էպիլյացիա անելիս այրել են, մասնագետը պնդել է, թե մեղավոր չէ. ԱՆ-ն կպարզի հանգամանքները
32-ամյա Կարինե Թորոսյանը 3 ամիս առաջ դիմել է Դավթաշեն վարչական շրջանում գտնվող «Lady zone» գեղեցկության սրահ՝ դեմքի ասեղային էպիլյացիա անելու համար ու, ինչպես ինքն է Tert.am-ի հետ զրույցում նշում, էպիլյացիայից հետո դեմքին այրվածքի հետքեր են մնացել, որոնք մինչ օրս չեն անցնում:
«Աշխատակցին նախապես զանգահարել ու հարցրել եմ ՝ արդյո՞ք հետքեր չեն մնալու, քանի որ իրեն զգուշացրել եմ, որ հաջորդ օրը տեղ ունեմ գնալու: Նա ինձ վստահեցրեց, թե բացառված է, նույնիսկ մի փոքր հետք չի մնա»,-պատմեց Կարինեն՝ ավելացնելով, թե էպիլյացիան անելու օրը նորից է հարց տվել հետքեր մնալու վերաբերյալ, նա էլի պնդել է, թե հետքեր չեն մնալու, միայն հնարավոր է, որ հաջորդ օրը մի փոքր կարմրություն լինի:
Կարինեն ասում է, թե մասնագետին նախապես զգուշացրել է, որ իր մաշկը «պրոբլեմատիկ» է, սակայն մասնագետը վստահեցրել է, որ խնդիր չի ունենա:
«Էպիլյացիայից հետ մեկ շաբաթ շարունակ թարախային բշտիկներ են եղել դեմքիս, որը, ըստ մաշկաբանների, եղել է կեղտոտ գործիքներ օգտագործելու հետևանք: Անցել է շուրջ 3 ամիս, բայց ասեղի այրածի հետքերը շատ արտահայտիչ մնում են դեմքիս: Երևացող տեղ է՝ շրթունքներիս վերևի հատվածը: Եթե ուրիշ տեղ լիներ, էլի ոչինչ, բայց որ դեմքիս վրա է…: Ինքը՝ էպիլյացիա անողը, պնդում է, թե պատճառը իմ մաշկն է, ինքը մեղավոր չէ: Ահագին գումար եմ թափել, սակայն չի օգնում»,-ասաց Կարինեն՝ նշելով, որ վերոնշյալի մասին գրավոր նամակ է ուղարկել ՀՀ առողջապահության նախարարություն, սակայն դեռ պատասխան չի ստացել:
Tert.am-ի հետ զրույցում առողջապահության նախարարության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից պատասխանեցին, որ իրենք ստացել են նամակը, այն մակագրվել է համապատասխան ստորաբաժանմանը, որն էլ կզբաղվի խնդրահարույց հարցով, կպարզի հանգամանքները և կտա լրացուցիչ պատասխան:










