Գերմանիայի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել լքել Ուկրաինայի հարավը և արևելքը

08:48 • 06.05.14

Ուկրաինայում զինված հակամարտության սրացման պատճառով Գերմանիայի ԱԳՆ-ն խորհուրդ է տվել իր քաղաքացիներին լքել ուկրաինական հարավային և արևելյան շրջանները, հայտնում է Deutsche Welle-ն։


Տեղեկությունն այդ մասին հրապարակվել է մայիսի 5-ին գերատեսչության կայքում։ Ավելի վաղ Գերմանիայի ԱԳՆ-ն խորհուրդ էր տալիս հրաժարվել մեկնել Ուկրաինայի հարավ և արևելք։


Ուկրաինական որոշ շրջաններում իրավիճակը գերմանացի դիվանագետները գնահատում են որպես «շատ լարված»։ Մասնավորապես, ԱԳՆ-ն նշում է զինված մարդկանց կողմից կառավարական հաստատությունների գրավումը Դոնեցկում և Լուգանսկում։ Բացի այդ, նախարարությունն ուշադրություն է գրավել նաև Օդեսայում տեղի ունեցող անկարգությունների վրա, որի հետևանքով մայիսի 2-ին զոհվել է 42 մարդ։