Արձանները պետք է լինեն հավերժ կատեգորիաներով. պետք է հարցում անցկացնել. կարծիքներ՝ Միկոյանի արձանի տեղադրման մասին

13:36 • 06.05.14

Ճարտարապետ, Երևանի քաղաքապետարանի ավագանու նախկին անդամ Հրաչիկ Պողոսյանը դեմ է խորհրդային հայտնի գործիչ Անաստաս Միկոյանի արձանը Երևանում տեղադրելուն: Ոչ թե նրա համար, որ դեմ է Անաստաս Միկոյան քաղաքական գործչին, այլ որովհետև նախորդ դառը փորձից գիտի, որ քաղաքական դեմքերի արձանները դնելուց հետո տարբեր խնդիրներ են առաջանում, արձանները դրվում են, հանվում՝ «խառը ժամանակներում»:

«Փողոցների անուններն էլ են իզուր փոխվում, պետք է պահպանողական լինել, այնպես անել, որ նման անվանակոչումները, արձանները լինեն հավերժ կատեգորիաներով»,-ասաց ճարտարապետն ու առաջարկեց, որ Երևանում փողոցների անվանակոչումները լինեն ինչպես որոշ երկրներում՝ ծաղիկների ու ծառերի անուններով կամ՝ համարներով ու թվերով:

Ըստ Հրաչիկ Պողոսյանի, ով անձամբ Անաստաս Միկոյան քաղաքական-պետական գործչին անձնապես վատ չի վերաբերում, նշեց, որ նման առաջարկներով արջի ծառայություն են մատուցում հենց այդ անձանց, որովհետև անմիջապես «դեմ» փաստաթղթեր են ի հայտ բերում, սևացնում և այլն:

«Անկախության առաջին տարիներին, շատերը կհիշեն, բանը մինչև անգամ հասավ նրան, որ Չեխովի արձանն էլ հանեցին, հետո, իհարկե, տեղադրեցին»,-հիշեց Հրաչիկ Պողոսյանը:

Բանաստեղծ Հուսիկ Արան, ով նույնպես դեմ է Միկոյանի արձանին, նշեց, որ ոչ թե նրա համար նա բոլշևիկ է, կամ մեկն է եղել 26 կոմիսարներից, այլ որովհետև նա հայամետ քաղաքականություն չի վարել:

«Կա 37 թվականին գնդակահարվողների թիվը, ես առավոտյան կարդում էի, կրկնապատկել, 700-ով ավելացրել է: Այսինքն՝ էդ մարդը նպաստել է, եթե ինքը չլիներ, չէին լինի էդ գնդակահարությունները»,-հայտարարեց Հուսիկ Արան, ով Միկոյանի միայն մեկ լավ գործ գիտի, երբ «ստալինյան ձնհալից» հետո թույլատրել է տպագրել Րաֆֆի, Չարենց:

Բայց դա էլ, ըստ Հուսիկ Արայի, կարևոր չէ, որովհետև ասեր՝ այո, թե ոչ, մեկ է՝ այդ գրքերը տպագրվելու էին, որովհետև ժամանակներն էին փոխվել:

Հուսիկ Արան ավելացրեց, թե ի վերջո, ինչո՞ւ Ալ. Մյասնիկյանի, Աղասի Խանջյանի նկատմամբ մեր ժողովուրդը նման բացասական վերաբերմունք չունի, ինչպես կա Անաստաս Միկոյանի նկատմամբ և առաջարկեց հասարակական լսումներ, սոցիոլոգիական հարցում անցկացնել՝ պարզելու, թե ի վերջո ուզո՞ւմ են այդ արձանը, թե ոչ:

«Եվ երկրորդ, ինչո՞ւ հատկապես հիմա, երբ Մաքսային միություն ենք մտնում, սա էլ շատ կարևոր քաղաքական երանգ է տալիս: Միանշանակ է, որ դա այդպես։ Ինչո՞ւ՝ ինքը աշխատել է Կրեմլում, եղել է Պոլիտբյուրոյի անդամ»,-ասաց Հուսիկ Արան և ավելացրեց՝ «ինչո՞ւ նրան, էդքան նորմալ մարդիկ կան, թող նրանց արձանները դնեն»: