Վենեսուելայում սպանվել է նախագահի թիկնապահը

10:32 • 06.05.14

Կարակասում սպանվել է նախագահ Նիկոլաս Մադուրոյի թիկնապահներից մեկը, հաղորդել է հարավամերիկյան հանրապետության գլխավոր դատախազությունը։


Ինչպես տեղեկացնում է  Взгляд-ը, սկսվել է հետաքննություն։ Լեյտենանտ Մարկո Կորտեսը սպանվել է մայիսի 4-ին՝ մայրաքաղաքի շրջաններից մեկում։

 

«Համաձայն նախնական տվյալների՝ Կորտեսն իր մեքենայով ընթանալիս է եղել, երբ նրա վրա կրակել են կողքով անցնող մեքենայից»,-ասված է գլխավոր դատախազության հայտարարության մեջ։

 

Ըստ տարածված տեղեկության՝ լեյտենանտին սպանել են հանցագործները, որոնք ցանկացել են տիրանալ նրա մեքենային։

Պարբերականը նշում է, որ Կորտեսը եղել է նախագահի անձնական թիկնազորում վերջին 6 տարիների ընթացքում։ Նա ապահովել է ոչ միայն Մադուրոյի, այլև նրա նախորդի՝ Ուգո Չավեսի անվտանգությունը։

 

Անցյալ շաբաթվա ընթացքում Կարակասում սպանվել էր ազգային հետախուզության նախկին ղեկավար, պաշտոնանկ կապիտան Էլիեսկեր Օտաիսան։ Նրա մարմինը հայտնաբերվել էր ամայի վայրում՝ հրազենային 4 վերքերով։