Ծառայությունից առաջ պատկերացումները բանակի մասին այլ էին. սահմանապահ կրտսեր սերժանտը՝ բանակից (տեսանյութ)

19:24 • 06.05.14

Տավուշի մարզի սահմանապահ N զորամասի կրտսեր սերժանտ ԿարենՄակարյանը, ով զորակոչվել է Երևանից և կզորացրվի մոտ մեկ ամսից, ծառայության մասին իր պատկերացումները փոխել է, երբ արդեն ինքն է գնացել ծառայության:


Հարցին, թե մինչ ծառայությունն ինչպիսի պատկերացումներ ուներ ծառայության մասին և հիմա ինչ պատկերացումներ ունի, Tert.am-ի զրուցակից սերժանտը պատասխանեց. «Կոփվելը կոփվում ենք, քանի որ այստեղ սահմանային ծառայություն է, կարևորությունները շատ են, ավելի խելացի ես դառնում, ավելի խելացի ես մոտենում ամեն ինչին, քայլերդ հաշվարկում ես»:

 

Իսկ մինչ ծառայությունը Կարենն ընկերներից լսել էր, բայց հիմա համոզված է՝ մինչև այնտեղ չլինես, չես իմանա, թե ինչ է ծառայությունը:


«Ամեն մեկը մի բան է ասում, բայց հիմա դու էս տեսնում, թե ինչ է իրենից ներկայացնում ծառայելը: Ռեալն այն է, որ ես հիմա էստեղ եմ և տեսնում եմ իրականությունը»,-ասաց նա և ավելացրեց. «Իհա´րկե, մինչև գալը ծառայության մասին պատկերացումներն ավելի վատ էին, իսկ ծառայության ընթացքում դրանք փոխվել են դեպի դրականը»:

 

Կարենի հետ նաև խոսեցինք զորամասում սերժանտի կոչման, նրա պարտականությունների և բարդությունների մասին: «Սերժանտի գործառութը նախ՝ զորքին շարելն է, առավոտյան վերկացը կազմակերպելը, մարզելը և այլն, պարտականություններ են ավելանում, որոնք պետք է կատարի»,-ասաց նա:

 

Զինվորների հետ խնդիրներ էլ Կարենը գրեթե չի ունենում, և գրեթե միշտ զինվորները ենթարկվում են նրա հրահանգներին: Հակառակ դեպքում, ինչպես ինքն է վստահեցնում, որևէ այլ միջոցներ չի կիրառում, բացի ղեկավարությանը զեկուցելուց. «Ուրիշ միջոցներ չկան, կա օրվա կարգացուցակ, իսկ եթե կարգացուցակը խախտվում է, զեկուցում ենք, քանի որ ամենակարևորը հրամաններին ենթարկվելն է»:

 

Սահմանապահ կրտսեր սերժանտը, ով ծառայության ընթացքում ամենաշատը ընտանիքին է կարոտել, արդեն պլանավորել է իր անելիքները զորացրվելուց հետո: «Իմ աշխատանքին եմ վեդառնալու, զբաղվելու եմ առքուվաճառքով»,-ասաց նա:


Երկրում մնալու մասին էլ ավելացրեց, որ չի պատրաստվում լքել հայրենիքը, որոշ ժամանակով Իսպանիա մեկնելու պլաններ կան, բայց անպայման՝ վերադառնալու պայմանով: