Մանկապարտեզ հաճախելու համար ժամանակին երեխային չգրանցած ծնողները կանգնում են փաստի առաջ

20:08 • 06.05.14

Երևանի մանկապարտեզներից որևէ մեկը չի ընդունում երկու տարեկան Տիգրանիկին, քանի որ ծնողները ժամանակին, այսինքն` երկու տարի առաջ, չեն ներկայացրել համապատասխան փաստաթղթերը:


Երեխայի մայրը՝ Արևիկ Մնացականյանը, Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ մի քանի օր է` այցելում է մանկապարտեզներ՝ խնդրելով իր երեխային ընդունել, բայց մերժվում է:

 

«Հիմա իմ երեխան երկու տարեկան է, ես չեմ իմացել, որ երկու տարի առաջ պետք է երեխային գրանցես, որ գնա մանկապարտեզ: Այսինքն՝ եթե հիմա գրանցեմ երեխայիս, ուրեմն՝ 4 տարեկանում նոր կկարողանա հաճախել մանկապարտեզ: Չգիտեմ՝ ինչ անել: Տարբերակը մնում է վճարովի մանկապարտեզները, որոնք շատ թանկ են»,-ասաց նա:

 

Tert.am-ի հետ զրույցում Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն, Երևանի ավագանու «Բա´րև, Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը նշեց, որ ինքը բազմիցս է բարձրացրել հարցը և լուծումը մեկն է.


«Այն մանկապարտեզների տարածքները, որոնք ինչ-որ ժամանակ տրվել են վարձակալության, պետք է վերադարձվեն մանկապարտեզի գործարկմանը: Դա պետք է անի քաղաքապետարանը: Ես՝ որպես ավագանու անդամ, համառ ջանքերով հասել եմ նրան, որ թիվ 1 մանկապարտեզը, որն արդեն 5 տարի է՝ փակված էր վերանորոգման պատճառաբանությամբ, շուտով իսկապես վերանորոգելու է ու սեպտեմբերից շահագործվի: Հերթով պետք է մանկապարտեզները վերադարձնենք երեխաներին»,-ասաց նա:

 

Անահիտ Բախշյանն ընդգծեց, որ այն երեխան, որի ծնողները ժամանակին չեն գրանցել մանկապարտեզ հաճախելու համար, այսօր զրկված են այդ հնարավորությունից:


Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանն ընդգծեց, որ ցանկացած երեխա մանկապարտեզ հաճախելուց առաջ պետք է գրանցվի և սպասի իր հերթին, ինչպես այսօր անում է օրինակ՝ մայրաքաղաքում շուրջ 7000 երեխա:


«Ես չեմ կարծում, որ այսօր իրազեկման խնդիր կա, բոլոր ծնողներն էլ արդեն բավական ժամանակ է՝ իրազեկված են: Այդ հարցն արդեն շատ է քննարկվել, և այլևս որևէ փակ անկյուն չկա: Այսօր նման իրավիճակն ստեղծվել է մանկապարտեզներն անվճար դարձնելու որոշումը կայացնելուց հետո, այսինքն՝ համայնքային բյուջեից է վճարվում երեխաների համար: Մինչ այդ նմանատիպ խնդիր չենք ունեցել, ավելին՝ շատ թափուր տեղեր կային»,-ասաց նա:

 

Ինչ վերաբերում է վարձակալության հանձնված մանկապարտեզների տարածքներին, ապա Արթուր Գևորգյանը նշեց, որ Երևանում գործում են այն բոլոր մանկապարտեզները, որոնք 2009 թ-ին Երևան համայնքի ձևավորումից հետո գործում են:


«Դրանից հետո որևէ մանկապարտեզ չի օտարվել, տարածքներ էլ չեն տրվել վարձակալության, բայց այն ժամանակ, երբ վճարովի էր, որոշ մանկապարտեզների տարածքների որոշկի հատված տրվել է վարձակալության: Երբ պայմանագրերն ավարտվեն, այդ ժամանակ դրանք կօգտագործվեն ըստ անհրաժեշտության»,-ասաց նա:

 

Արթուր Գևորգյանը վստահեցրեց, որ եթե քաղաքապետարանը կարողանա հայթայթել լրացուցիչ միջոցներ, որոնք հնարավոր կլինի ուղղել տվյալ հարցի կարգավորմանը, ապա հենց այդպես էլ կարվի, բայց այսօր այլ տարբերակ չկա: