Դատավորի համար պարզ չէր, թե ինչ խախտումներ են արել Մետրոպոլիտենից հեռացված երեք աշխատակիցները
Արաբկիր-Քանաքեռ-Զեյթուն ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկել է Երևանի Մետրոպոլիտենի տնօրինության կողմից ամիսներ առաջ ազատված երեք աշխատակիցների գործով դատական առաջին նիստը: Հիշեցնենք, որ նրանք ազատվել էին աշխատանքից «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի որոշ դրույթների դեմ կազմակերպված ցույցից հետո, և վերջիններիս պնդմամբ՝ աշխատանքից ազատման պատճառը ցույցին իրենց մասնակցությունն է։
Ներկա էին հայցվոր կողմի երեք ներկայացուցիչները՝ Անդրանիկ Գևորգյանը, Գագիկ Գալստյանը և Սևակ Հովհաննիսյանը՝ փաստաբան Քրիստինա Գևորգյանի հետ, և Մետրոպոլիտենի իրավաբանական բաժնի պետ Արտակ Երեմյանը, ով հանդիսանում է պատասխանող կողմի ներկայացուցիչ: Դատական գործը քննում է դատավոր Սիմիզար Հովսեփյանը:
Փաստաբան Քրիստինա Գևորգյանը ներկայացրեց հայցվոր կողմի պահանջը, այն է՝ անվավեր ճանաչել հայցվոր կողմի երեք ներկայացուցիչների աշխատանքից ազատման հրամանները, վերականգնել աշխատանքը և փոխհատուցել հարկադիր պարապուրդի համար: Նշենք, որ երեք հայցվորներն էլ ներկայումս չեն աշխատում:
Մետրոպոլիտենի ներկայացուցիչ Արտակ Երեմյանը նշեց, որ ընկերության նախկին աշխատակիցներն իրենց պարտականությունները պատշաճ չեն կատարել, իսկ եթե պնդում են հակառակը, ապա պետք է ապացուցեն: Դատարանի հարցին, թե ինչ է նշանակում պարտականությունները պատշաճ չեն կատարել, պարզաբանեց. «Սովորաբար մեքենայի տեխնիկական վիճակն է ստուգվում, որի մասին գրառումներ պետք է արվեր գրանցամատյանում, որոնք բացակայել են, հայտնաբերվել են մի շարք խախտումներ, որոնք թույլ են տվել հայցվորները: Մեքենախցիկում գտնվել են մարդիկ, որոնք իրավունք չունեին այդտեղ լինել»։
Հայցվորների կատարած խախտումների մասին բազմաթիվ հարցեր տալուց հետո դատավորն ասաց. «Ես այդպես էլ չհասկացա, թե հայցվորների կատարած խախտումները ինչում են կայանում»։
Դատարանից խոսք խնդրեց հայցվոր Անդրանիկ Գևորգյանը և նշեց, որ եթե գրանցամատյանում գրառում չեն կատարում, ապա միևնույնն է՝ տեղադրված են ձայնագրման սարքեր և իրենց յուրաքանչյուրը բառը ձայնագրվում է, նաև նշեց, որ եթե ինքը ձգման կայանում շարժասանդուղքի տեխնիկական վիճակը չստուգի, ապա ավտոմատ կայանները կանգ կառնեն և անմիջապես տույժի կենթարկվեն հերթապահն ու իր վերադասը:
«Ինչ վերաբերում է նրան, որ երրորդ անձի ենք թույլ տվել ներկա լինել, ապա նշեմ, որ փետրվարի 13-ին տեղի է ունեցել էներգածառայության վթար, այնտեղ գտնվել են բազմաթիվ այլ մարդիկ և վթարի հետևանքները վերացրել մինչև աշխատանքային օրվա ավարտը»,-հավելեց նա։
Մետրոպոլիտենի ներկայացուցիչը նշեց, որ ասվածի վերաբերյալ ինքը փաստարկներ չունի և կներկայացնի դրանք հաջորդ նիստին, որը տեղի կունենա մայիսի 31-ին ժամը 15:00-ին:










