Չի բացառվում, որ Երևանի ավագանին վերանայի Միկոյանի արձանի տեղադրման որոշումը. Ստյոպա Սաֆարյան

20:30 • 06.05.14

Երևանի ավագանու մշակույթի, կրթության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը մայիսի 8-ին նիստ է հրավիրել, և չի բացառվում, որ որոշում կայացվի վերանայել Անաստաս Միկոյանի հուշարձանի տեղադրմանը հավանություն տալու մասին որոշումը։ Այս մասին Tert.am-ին ասաց Երևանի ավագանու «Բա´րև, Երևան» դաշինքի անդամ Ստյոպա Սաֆարյանը, ում էլ այս մասին տեղեկացրել էր նշված հանձնաժողովի անդամ Անահիտ Բախշյանը։

 

«Ինչ ցույց կտան հանձնաժողովի քննարկումները, այս պահին չեմ ուզում առաջ անցնել, մի բան միանշանակ է՝ «Բա´րև, Երևանը» դեմ է եղել արձանի տեղադրմանը և նաև պնդում է, որ ըստ էության՝ արձան տեղադրելու մասին որոշումը պետք է վերանայվի։ Հիմա սպասենք, տեսնենք, թե հանձնաժողովն ինչ որոշում կկայացնի, որովհետև դա իրենց իրավասության ներքո գտնվող հարցերից է»,-ասաց նա։

 

Ստյոպա Սաֆարյանը նշեց, որ այդ քննարկումից հետո ավագանու իրենց խմբակցությունը կկողմնորոշվի. «Եթե հանձնաժողովը միաձայն չեղյալ հայտարարի այդ որոշումը, ապա այդ դեպքում խնդիրն ավելի հեշտ լուծում կստանա, եթե ոչ, ապա «Բա´րև, Երևանը» իր եզրակացությունները կանի և իր անելիքը կորոշի»։

 

Հանձնաժողովում հարցի քննարկման անհրաժեշտությունը, ըստ Ստյոպա Սաֆարյանի, առաջացել է հասարակական ընդվզման արդյունքում։