Մոլդովան ՌԴ փոխվարչապետի՝ Մերձդնեստր այցի հետ կապված բացատրություններ է ակնկալում
Մոլդովայի արտաքին գործերի և եվրոպական ինտեգրման նախարարությունը մայիսի 6-ին Ռուսաստանի դեսպան Ֆարիտ Մուխամետշինին հրավիրել է նախարարություն՝ Հաղթանակի օրը Տիրասպոլ այցելելու ռուս փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինի մտադրության առնչությամբ բացատրություն ստանալու, հաղորդում է interfax.ru-ն:
Ապրիլի վերջին ռուս պաշտոնյան Twitter-ի իր միկրոբլոգում գրել էր, որ ընդունում է Մերձդնեստրի բնակիչների հրավերը՝ Հաղթանակի օրը Տիրասպոլում նշելու վերաբերյալ:
«Այնտեղ զորահանդես կլինի՝ ի տարբերություն Կիևի»,- ասել էր Դմիտրի Ռոգոզինը:
Ինչպես նշում է Մոլդովայի արտգործնախարար Նատալյա Գերմանը, «պաշտոնական աղբյուրներով այցի մասին նախարարությունում ոչ մի տեղեկություն մինչ այժմ չեն ստացել»:
Միևնույն ժամանակ, Մոլդովայի նախագահ Նիկոլայ Տիմոֆտին ապրիլի սկզբին անվտանգության բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ հրաման է տվել երկրի զինված ուժերը բերել «ուժեղացված զգոնության»: Նրա խոսքով՝ իշխանությունները պետք է նախապես հոգ տանեն երկրի անվտանգության մասին, քանի որ «սադրանքները չեն բացառվում»։










