Օդեսայի իշխանությունները մայիսի 2-ը Զոհերի հիշատակի օր են հայտարարել

12:17 • 06.05.14

Ուկրաինական Օդեսա քաղաքի իշխանությունները մայիսի 2-ը զանգվածային անկարգությունների ու Արհմիությունների տանը տեղի ունեցած հրդեհի հետևանքով զոհերի հիշատակի օր են հայտարարել։ Ինչպես տեղեկացնում է Взгляд-ը, համապատասխան հրամանագիրը ստորագրել է Օդեսայի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Օլեգ Բրինդակը։

 

«2014թ. մայիսի 2-ին Օդեսա քաղաքում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների հետևանքով զոհվածների հիշատակը հարգելու համար մայիսի 2-ը հայտարարվել է Զոհերի հիշատակի օր»,- հայտնել են քաղաքային խորհրդից։ Ըստ փաստաթղթի՝ ամեն տարի այդ օրը կիջեցվեն Ուկրաինայի ու Օդեսայի դրոշները։

 

Աղբյուրը հավելում է, որ Օդեսայում արդեն ավարտվել է մայիսի 2-ի զոհերի ինքնության հաստատումը, և երեքշաբթի կշարունակվեն Արհմիությունների տանը մահացածների թաղման արարողությունները։

 

Ըստ հրապարակված տվյալների՝ 5 ակտիվիստ գնդակահարվել է, 8-ը մահացել է վերևից վայր ընկնելուց, իսկ մնացած 24-ը՝ ստացած այրվածքներից ու ծխահարումից։ Զոհերի թվում կա 6 կին, իսկ ընդհանուր զոհերի տարիքը տատանվում է 18-62-ի միջև։

Գերագույն ռադայի պատգամավոր Օլեգ Ցարյովն ու մի շարք այլ քաղաքական գործիչներ գտնում են, որ իրավիճակը չսրելու նպատակով գործող իշխանությունները միտումնավոր նվազեցրել են զոհերի թիվը, որն իրականում կարող է հասնել 116-ի։