Ուկրաինական խորհրդարանը մերժել է մայիսի 25-ին հանրաքվեի անցկացումը

17:58 • 06.05.14

Ուկրաինայի Գերագույն ռադան հավանության չի արժանացրել «2014 թվականի մայիսի 25-ին համաուկրաինական խորհրդատվական հարցում անցկացնելու մասին» օրինագիծը, գրում է lenta.ru-ն: Փաստաթղթի ընդունման օգտին է քվեարկել անհրաժեշտ 226 պատգամավորից 154-ը:

 

Ուկրաինայի ժողովրդական պատգամավոր Ալեքսանդր Բրիգինեցը Facebook-իր էջում գրել է. «Այն պետք է անցկացնել, բայց ոչ պատերազմի ժամանակ: Կողմ՝ 154: Չանցավ: Փա՛ռք Աստծո»: Նրա կարծիքով՝ չի կարելի հանրաքվե անցկացնել զենքի ուղեկցությամբ:

 

Երկրի ժամանակավոր նախագահ Ալեքսանդր Տուրչինովի գրասենյակից պարզաբանել են, որ խորհրդարանը նման որոշում է կայացրել՝ արևելյան շրջաններում անցկացվող ուժային գործողության պայմաններում հանրաքվեի անցկացման անհնարինության պատճառով:

 

Պատգամավորները հարցերի երկու տարբերակ էին առաջարկել, որոնք պետք է դրվեին հանրաքվեի: Առաջինում՝ «սատարո՞ւմ եք Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն Ուկրաինայի սահմանադրությամբ որոշվող տարածքի սահմաններում՝ որպես ինքնիշխան և անկախ, ժողովրդավարական, ունիտար և եվրոպական պետություն՝ շրջանների և տարածքային համայնքների լայն լիազորություններով»: Երկրորդ տարբերակում նշյալ հարցն է եղել ռուսերենի կարգավիճակի մասին հարցի հետ միասին։

 

Հանրաքվեի անցկացման նախաձեռնությամբ հանդես էին գալիս երկրի հարավ-արևելքի բնակիչները։