Հայաստանը մայրիկների և երեխաների համար լավագույն երկրների ցանկում 95-րդն է. Save the children
Save the children («Փրկե՛ք երեխաներին») միջազգային հասարակական կազմակերպությունն ամեն տարի կազմում է մայրերի և երեխաների համար աշխարհի լավագույն երկրների վարկանիշային ցուցակը. այն կազմվում է 178 պետությունների հիման վրա։
Մեր երկիրը ցուցակում զբաղեցրել է 95-րդ հորիզոնականը, իսկ լավագույնն է ճանաչվել Ֆինլանդիան։
Պետությունները գնահատվել են 5 հիմնական չափանիշներով՝ մոր առողջական վիճակ, վաղաժամ մահացություն երեխաների շրջանում, կրթության մակարդակ, երկրում եկամուտների մակարդակ և կանանց քաղաքական դիրք։ Այդ չափանիշներից և ոչ մեկում Ֆինլանդիան չի զբաղեցրել բարձր հորիզոնական, սակայն դարձել է միակ երկիրը, որը հայտնվել է բոլոր չափանիշներով 15 լավագույնների թվում։
Ամենագլխավոր գործոններից մեկը, որը հաշվի է առնվել ցուցակը կազմելիս, եղել է մահացության թիվը։ Ֆինլանդիայում այն ամենացածրներից մեկն է աշխարհում՝ այստեղ 345 երեխաներից միայն մեկը չի ապրում մինչև 5 տարեկան։ Ամենացածր մակարդակը գրանցվել է Նորվեգիայում՝ 357-ից միայն մեկը, հայտնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ-ը։
Մայրության համար լավ պայմաններ կան նաև Շվեդիայում, Իսլանդիայում, Նիդեռլանդներում և Դանիայում. այս երկրները հաջորդում են Ֆինլանդիային։
Թուրքիան այս ցուցակում 59-րդ տեղն է կիսում Թունիսի հետ, ՌԴ-ն 62-րդն է, Վրաստանը՝ 98-ը, Ադրբեջանն 99-րդ տեղն է կիսում Սուրինամի հետ։
Վարկանիշային ցուցակում վերջին հորիզոնականները զբաղեցրել են աֆրիկյան հանրապետությունները, եզրափակում է Սոմալին։ Այստեղ մահացությունը չափազանց բարձր է. կյանքի ծանր պայմանների պատճառով յուրաքանչյուր 7-րդ երեխան չի ապրում մինչև 5 տարեկան։










