Զինյալները ռմբակոծել են Դամասկոսի և Հալեպի կենտրոնական թաղամասերը. կան զոհեր և վիրավորններ
Սիրիայում ընդդիմության զինյալները ականանետերից կրակ են բացել Դամասկոսի կենտրոնում գտնվող առևտրային շրջանի ուղղությամբ: Ինչպես հաղորդում է ИТАР-ТАСС-ը՝ «Սուրիա ալ-էն» գործակալությանը հղումով, ականներ են ընկել նաև Արնուս հրապարակի մոտակայքում՝ Ալ-Հասան մզկիթի հարևանությամբ:
Ոստիկանության տվյալներով՝ մեկ մարդ է զոհվել, 23-ը վիրավորվել է: Ռումբերից մեկի պայթյունի հետևանքով ուժեղ հրդեհ է բռնկվել դպրոցի մոտ գտնվող շենքում տեղակայված՝ Սիրիայի Ազգային խորհրդի (խորհրդարան) հարևանությամբ: Կասա քրիստոնեական թաղամասում ռումբն ընկել է ֆրանսիական հիվանդանոցի մուտքի մոտ, ինչի հետևանքով 9 մարդ է վիրավորվել:
Ռումբերից մեկն ընկել է հիվանդանոցի մոտ՝ Մուհադջիրին թաղամասում, որտեղ տեղակայված է նախագահական պալատը:
Հրթիռաականային ռմբակոծման են ենթարկվել նաև Սիրիայի հյուսիսային մայրաքաղաք Հալեպի կենտրոնական թաղամասերը, որտեղ զոհերի թիվը հասել է 6-ի, 30-ից ավելի մարդ վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Նշենք, որ Սիրիայում երեքշաբթի նշում են Ընկած հերոսների օրվան նվիրված ազգային տոնը, ինչպես նաև՝ Արաբական տպագրության օրը:










