Յուլիա Տիմոշենկոն խոստանում է «հեղափոխության երրորդ շրջան» սկսել ընտրություններում պարտվելու դեպքում

22:42 • 06.05.14

Ուկրաինայի նախագահի թեկնածու Յուլիա Տիմոշենկոն կարծում է, որ միայն ինքը կարող է իրականացնել երկրին անհրաժեշտ քաղաքական բարեփոխումները: ИТАР-ТАСС-ի փոխանցմամբ՝ Տիմոշենկոն Նիկոլաևում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է, որ եթե նախագահական ընտրություններում այլ թեկնածու ընտրվի, նա «ստիպված կլինի հեղափոխության երրորդ շրջանն սկսել»:


«Ես այլև չեմ ուզում պատասխանատվություն կրել հեղափոխության տապալման համար, սակայն եթե երկիրն ուրիշ նախագահ ընտրի, իսկ ես հիմա մեկ հակառակորդ ունեմ, ստիպված կլինենք հեղափոխության երրորդ շրջանն սկսել, քանի որ ես այնտեղ այլևս փոփոխությունների հնարավորություն չեմ տեսնում: Ես նրանց բոլորին շատ լավ գիտեմ», - հայտարարել է Տիմոշենկոն:


Սոցհարցումների վերջին տվյալների համաձայն՝ նախագահական ընտրությունների թեկնածու Պյոտր Պորոշենկոյին աջակցում է հարցվածների 33.3 տոկոսը, իսկ Տիմոշենկոյին՝ 10 տոկոսը:


Հիշեցնենք, որ արտահերթ նախագահական ընտրություններն Ուկրաինայում կանցկացվեն մայիսի 25-ին: