Բևերլի Հիլզը կոչ է անում Բրունեյին վաճառել ԱՄՆ-ում իր հյուրանոցը

13:54 • 07.05.14

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Բևերլի Հիլզի քաղաքային խորհուրդը բանաձև է ընդունել, որով դատապարտում է Բրունեյում շարիաթի օրենքների ներդրումը: Խորհուրդը կոչ է արել սուլթանությանը վաճառել Beverly Hills Hotel-ը, բայց չի քվեարկել դրա բոյկոտի օգտին, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:

 

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Հոլիվուդի աստղերը բոյկոտի արշավ են սկսել հայտնի Beverly Hills Hotel հյուրանոցի դեմ՝ Բրունեյում նոր քրեական օրենսգրքի ներդրման առնչությամբ, որը հիմնված է շարիաթի օրենքների վրա: Այդ հյուրանոցը պատկանում է Բրունեյի սուլթանին:

 

Հայտնի անձանց թվում, ովքեր միացել են հյուրանոցի բոյկոտին, ամերիկացի կատակերգու Ջեյ Լենոն է և հաղորդավար Էլեն Լի Դեջեներեսը:

 

Beverly Hills հյուրանոցն այնքան արմատացած է Հոլիվուդի մշակույթի մեջ, որ այն դժվար է պատկերացնել առանց աստղերի:
Բոյկոտի արշավն անդրադարձել է նաև Բրունեյի սուլթանի մեկ այլ հյուրանոցի. հայտնի լոնդոնյան «Դորչեսթերը» բոյկոտի են ենթարկել մի շարք հայտնի անձինք:

 

Բրունեյի նոր քրեական օրենսգիրքը խիստ պատիժներ է սահմանում միասեռականության, ամուսնական դավաճանության, գողության և հղիության արհեստական ընդհատման համար։