Էդ ա՝ մի Սեյրան ա. սահմանապահ չինարեցիները՝ պաշտպանության նախարարի մասին (տեսանյութ)
Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի գյուղի բնակիչները դժգոհ են պետական պաշտոնյաներից, իրենց արհամարհված են զգում և մտածում են, որ պաշտոնյաներ կան, որոնք իրենց գյուղի տեղն անգամ չգիտեն: Միակ պաշտոնյան, ում նրանք հիշեցին, ՀՀ պաշտպանության նախարար, արցախյան ազատամարտի հերոս, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանն է: Նրա մասին չինարեցիները գոհունակությամբ են խոսում:
«Էստեղ չեն գալիս, սահմանամերձ գոտի է, կրակոցները շատ են, ոչ մեկն էլ չի ուզում գա: Շատ քաղաքական գործիչներ էս գյուղի տեղն էլ չգիտեն, ոչ մեկն էլ չի գալիս, էդ ա՝ մի Սեյրան ա: Նա կարգին մարդ ա, ամեն տարի մի քանի անգամ գալիս ա, էդ ա, երևի մի 10-ից ավել անգամ եկել ա»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց չինարեցի Իսրայել Վանյանը:
Իսրայել պապը հինգ երեխա ունի, հինգն էլ Մոսկվայում են, գյուղում մնացել են ինքն ու իր կինը. «Տասնվեց թոռ ունեմ, մի ծոռ, բաց էստեղ ենք մնացել ես ու կինս, երկուսս էլ թոշակառու ենք»:
Չինարիում խնդիրները շատ են, բայց գյուղացիների համար կարևորը խաղաղությունն է: «Գործ չկա, ջահելներն անգործ են, բուժկետ չունենք, հիվանդանոց չունենք, էստեղից ուղարկում են Բերդ, Բերդից հասնում ենք Երևան, լրիվ պրոբլեմ է»,-ասաց Իսրայել պապը և ավելացրեց. «Կարևորն էն ա, որ խաղաղություն լինի, մարդկային զոհեր չլինեն»:
Խոսակցությանը միացավ նաև 85-ամյա Սմբատ Ջուլհակյանը, ով նույնպես հայտնեց իր դժգոհությունները, սակայն վերջում նշեց. «Մենակ խաղաղություն եմ ուզում»:
Սմբատ պապի թոռներից երկուսը ծառայում են բանակում: Չնայած ժամկետային զինծառայող թոռները հարյուրավոր կիլոմետրերով հեռու են իրենից՝ պապիկը չի նեղսրտում, մի բան էլ՝ ասում է. «Հա´, բոլոր էրեխեքս էլ ծառայել են, թոռներս էլ պիտի ծառայեն, դե մենք էլ ամբողջ կյանքում ենք ծառայության մեջ»:
Սեյրան Օհանյանի մասին էլ պապիկը շտապում է ավելացնել մեր նախորդ զրուցակցի խոսքին. «Նա մեզ երբեք չի անտեսել, գալիս ա, մարդիկ դիմում են իրենց խնդիրներով, օգնում ա, հարցեր ա լուծում»:
Նշենք, որ լրագրողների այցը սահմանամերձ գոտի կազմակերպել էր Մայր աթոռ Սուրբ Էջմիածինը՝ Վեհափառ Հայրապետի օրհնությամբ:










