Դավութօղլուին թույլ չեն տվել այցելել սիրիացի փախստականներին
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուն այցելել է Հորդանան՝ մասնակցելու «Սիրիայի բարեկամների» հավաքին, որի ընթացքում քննարկվելու է սիրիացի փախստականների հարցը։
Ինչպես տեղեկացնում է «Հուրրիյեթ» թերթի կայքը, չնայած հանդիպումն անցել է փախստականների ճամբարում, Դավութօղլուին թույլ չեն տվել այցելել փախստականներին։
Թուրքիայի, Լիբանանի, Իրաքի արտգործնախարարներն ու ԵՄ փախստականների հարցով հանձնակատարը մասնակցել են հանդիպմանը, որից հետո, սակայն, հորդանանցի պաշտոնյաները թույլ չեն տվել նախարարներին անցնել փախստականների կողմը։
Հորդանանի այդ ճամբարում փախստականների թիվը մոտ 110 հազար է, իսկ ընդհանուր առմամբ այդ երկրում 600 հազար սիրիացի փախստական կա։ Թուրքիայում այդ թիվն անցել է 900 հազարը։
Սիրիայում շարունակվող պատերազմի հետևանքով փախստական դարձածների թիվը հատել է 5.5 մլն-ի սահմանը։










