Նեպալցին այրել է 7-ամսական հղի կնոջը՝ օժիտ չբերելու պատճառով

11:25 • 07.05.14

Նեպալի 25-ամյա բնակչուհի Ռիհանա Շեխ Դհաֆալին հղիության 7-րդ ամսում կորցրել է երեխային, երբ ամուսինը՝ Ֆարիդ Շեյխը, նրա վրա կերոսին է լցրել ու այրել, հայտնում է The Daily Mail-ը՝ մանրամասնելով, որ ամուսնու նման դաժան արարքի պատճառը եղել է կնոջ ուշացող օժիտը։

 

Հայտնի է, որ աղջկա ընտանիքը որպես օժիտ պետք է Շեյխին գումար վճարեր, ինչպես նաև մոտոցիկլետ ու մի ցուլ տար, սակայն չի կարողացել բավարարել փեսայի պահանջները։

 

Կինը պատմել է, որ ամուսինը թույլ է տվել իրեն հիվանդանոց տեղափոխվել միայն մի նախապայմանով. Դհաֆալին բժիշկներին պետք է ասեր, որ ինքն իրեն է հրկիզել։ Սակայն հայրական տուն տեղափոխվելուց հետո աղջիկն իրավապաշտպան կազմակերպություններից մեկին պատմել է ողջ ճշմարտությունը՝ նշելով, որ ամուսնու ընտանիքի անդամները կապել են իր ձեռքերը, մինչ տղամարդը նրա վրա կերոսին է լցրել։ Նա նաև նշել է, որ նախքան այդ դեպքն ամուսինն իրեն պարբերաբար ծեծել ու վնասվածքներ է հասցրել՝ բողոքելով ուշացող օժիտից։

 

Ներկայում ոստիկանությունը հետաքննություն է անցկացնում, սակայն ամուսինն ու նրա ընտանիքի անդամներն անհետացել են։