Հասարակության ճնշումը դեռ բավարար չէ օրենքի գերակայության ապահովման համար. «Հարսնաքարի» գործով տուժողների ներկայացուցիչ

11:54 • 07.05.14

Վահե Ավետյանի իրավահաջորդի և մյուս տուժողների ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը, Tert.am-ի հետ զրույցում խոսելով «Հարսնաքարի» գործով և ընդհանրապես նմանատիպ գործերով հասարակական ճնշման ազդեցության մասին, նկատեց, թե հասարակության և լրատվամիջոցների ուշադրությունն ու ճնշումը առանձին գործերով դեռևս բավարար չեն երկրում օրենքի գերակայության ապահովման համար։ Խոսելով ամբաստանյալների հարազատների պահվածքից՝ փաստաբանը նշեց, թե «առհասարակ մարդու պահվածքը նրա էության արտահայտումն է տարբեր ճշտությամբ՝ կախված իրավիճակից»։ Իսկ ինչ վերաբերում է հարազատների կողմից սպառնալիքներ, հայհոյանքներ և անեծքներ տեղալու փաստի առթիվ հարուցված քրեական գործին, ապա Եգորյանը կարծում է, որ փորձ է արվում «ծածկադմփոց անել»։

-Պարոն Եգորյան, «Հարսնաքարի» գործով վճռի հրապարակման ժամանակ ամբաստանյալների և նրանց հարազատների կողմից սպառնալիքներ, հայհոյանքներ և անեծքներ տեղալու փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Ենթադրում ենք, որ Ձեզ հրավիրած կլինի նախաքննական մարմինը՝ բացատրություններ տալու։ Ի՞նչ կարող եք ասել այս մասին։

-Ոչ մեզ դեռևս ոչ մի տեղ չեն հրավիրել, բացատրություններ չենք տվել և ինձ հայտնի չէ նաև, որ գեթ մեկ լրատվամիջոցից այդ օրվա նյութեր պահանջեին, երևի, ինչպես գլխավոր դատախազը հայտարարեց, դեռ դատարանի համակարգչային ձայնագրառման կրիչներն են լսում:

-Ինչո՞վ եք սա պայմանավորում, արդյո՞ք ծածկադմփոց անելու փորձ է արվում։

-Կարծում եմ, որ մտադրությունն ի սկզբանե առկա էր, իսկ փորձերը շարունակվում են, և դրա ապացույցն այն է, որ դեպքը տեղի է ունեցել մարտի 24-ին, իսկ գործը կարծեմ հարուցվել է ապրիլի 22-ին. սա արդեն լուրջ խնդիր է: Հաշվի առնելով, որ կան տասնյակից ավելի տեսագրություններ, բազմաթիվ վկաներ, այդ թվում՝ ոստիկաններ և կարգադրիչներ, հանցագործությունը հնարավոր էր արդեն բացահայտել, սակայն իրավապահ համակարգը, ինչպես տեսնում ենք, չի շտապում. երևի հասարակական ուշադրության կենտրոնն են փորձում բացահայտել։

- Ինչո՞վ եք պայմանավորում «Հարսնաքարի» գործով հարազատների նման պահվածքը։ Նաև նշեմ, որ իրենք ևս իրենց պահում էին «տուժածի» կարգավիճակով, մասնավորապես նախագահականի դիմաց բողոքի ցույցեր էին անում։

- Դե առհասարակ մարդու պահվածքը նրա էության արտահայտումն է տարբեր ճշտությամբ՝ կախված իրավիճակից: Հետևաբար կարծում եմ, որ մարտի 24-ին մենք մի պահ հայտնվեցինք «Հարսնաքարի» ավտոկայանատեղիում՝ դեմ առ դեմ այն մարդկանց հետ, ովքեր գազանաբար ծեծի էին ենթարկել տուժողներին, իսկ Վահե Ավետյանին՝ սպանել: Իսկ նախագահականի դիմացի այդ «բողոքի» ակցիաների դրդապատճառները, կարծում եմ, բոլորին հասկանալի են, հենց այդ է պատճառը հասարակության ադեկվատ արձագանքի, չնայած որ որոշ լրատվամիջոցներ փորձում են ինչ-որ ուշադրություն հրավիրել այդ ամենին:

-Որոշ ամբաստանյալների հարազատներ Ձեր փաստաբանական գործունեությունը ոչ միանշանակ համարեցին և հայտնում էին, որ դուք փաստորեն «համահավասար» ձևով եք իրավահաջորդի կողմից շահերի պաշտպանությունը իրականացրել։

-Կռահելով Ձեր հարցի էությունը՝ ասեմ, որ ինձ հասկանալի է ամբաստանյալների և նրանց հարազատների դժգոհությունը, սակայն դրանց հասցեատերը ես չեմ, այլ դատախազն ու դատավորը։ Չգիտես ինչու, ամբողջ դատավարության ընթացքում և դատավճռից հետո դատախազի և դատավորի փոխարեն թիրախավորվում էին տուժող կողմի փաստաբանները և մասնավորապես իմ անձը: Որքան էլ զարմանալի թվա՝ ասեմ, որ դա էլ է հասկանալի և դա հետևանք է այն բանի, որ ամբաստանյալներին և նրանց հարազատներին երաշխիքներ տվողները և մեզ հայտնի անձանց համար ապահով հեռավորություն պահպանողները բացասական հետևանքները պայմանավորում էին հենց մեր գործունեությամբ և հասարակության ուշադրությամբ: Հիշեցնեմ միայն, որ այս ամենի կապակցությամբ, որ մենք դեռևս նախաքննության ընթացքում զգուշացնում էինք և հորդորում նախաքննությունը հապճեպ և թերի չավարտել և ապահովել օբյեկտիվության, բազմակողմանիության և լրիվության սկզբունքները թե՛ նախաքննության ընթացքում, թե՛ դատաքննության ընթացքում, քանի որ միայն այդ ճանապարհով է հնարավոր ապահովել արդարությունը բոլոր կողմերի համար:

-Դուք Վերաքննիչ դատարան դիմե՞լ եք կամ դիմելո՞ւ եք, եթե այո, ապա ե՞րբ։ Իսկ եթե դիմել եք արդեն, գործն ընդունվել է և ո՞ր դատավորի վրա է մակագրվել։

- Այո, անպայման դիմելու ենք, բանն այն է, որ ընդհանուր իրավասության վճիռը մենք ստացել ենք սույն թվականի ապրիլի 15-ին և հետևաբար վերաքննիչ բողոքը ներկայացնելու համար ժամանակ ունենք մինչև մայիսի 15-ը:

-Վահե Ավետյանի ընտանիքը առարկություններ, վերապահումներ, դժգոհություններ ունի՞, թե ոչ։

-«Հարսնաքարի» ավտոկայանատեղիում ծեծելով սպանել են զինվորական բժիշկ Վահե Ավետյանին, նրա ծնողները կորցրել են իրենց միակ որդուն, կինը կորցրել է իր ամուսնուն, երեխաները զրկվել են հորից, ամբողջ ընտանիքը կորցրել է իր կերակրողին, Հայաստանի Հանրապետությունը կորցրել է պաշտպանության բանակի զինվորական բժիշկ, որի ուսման և մասնագիտական աճի համար տարիներ շարունակ ներդրումներ են կատարվել պետական բյուջեից, սակայն նրան սպանողները դատապարտվել են ոչ թե սպանության, այլ մարմնական վնասվածքներ պատճառելու համար, դատարանը առանց քննության է թողել Վահե Ավետյանի ընտանիքի անդամների նյութական և բարոյական վնասների հատուցման հայցը, դատախազությունը հրաժարվում է պետությանը հասցված վնասի հատուցման համար քաղաքացիական հայց ներկայացնելուց, բոլոր մնացած հարցերի պատասխանները թողնում եմ յուրաքանչյուրի խղճին։

- Հաշվի առնելով առաջին ատյանում դատավարության ընթացքը, դրան հասարակական քաղաքական գործիչների մասնակցությունը, կարո՞ղ եք ասել, որ այն բավականաչափ հնչեղ էր այնքան, որքան «Հարսնաքարի» գործով դատավարության առաջին օրերին։ Հիմա դուք ակնկալո՞ւմ եք առավել ակտիվություն Վերաքննիչ դատարանում։

-Կարծում եմ՝ կարելի է ասել, որ մեր հասարակությունը և լրատվամիջոցները բավական մեծ ուշադրություն հատկացրին «Հարսնաքարի» գործին, սակայն պետք է արձանագրել, որ հասարակության և լրատվամիջոցների ուշադրությունն ու «ճնշումը» առանձին գործերով դեռևս բավարար չեն մեր երկրում օրենքի գերակայության ապահովման համար։ Բացի այդ, բավական դժվար է տևական ժամանակահատված մեծ ուշադրություն կենտրոնացնել մեկ հարցի վրա, հենց դա էլ այն հույսն էր, որ փայփայում էին արդարադատության դեմ պայքարող ուժերը: Այս ամենի արդյունքում ունեցանք այս դատավճիռը, որն իհարկե խիստ խոցելի է: Ուստի, կարևոր է, որ այս ամբողջ ընթացքում ևս ուշադրության կենտրոնում պահենք հարցը ՝ հնարավորինս սահմանափակելու համար հայեցողության չարաշահումները: