Մեկ տարի առաջ՝ մայիսի 7-ին, հայտնի դարձավ նախորդ Կառավարության կազմը

21:25 • 07.05.14

Ուղիղ մեկ տարի առաջ՝ 2013-ի մայիսի 7-ին, Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի նիստից հետո հրապարակվեցին Տիգրան Սարգսյանի վերջին կաբինետի վերջին շտրիխները՝ Կառավարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնում՝ Վաչե Գաբրիելյանը, սպորտի և երիտասարդության նախարարի պաշտոնում՝ Յուրի Վարդանյանը, ֆինանսների նախարարի պաշտոնում՝ Դավիթ Սարգսյանը, էկոնոմիկայի նախարարի պաշտոնում՝ Վահրամ Ավանեսյանը: Որոշվել էր, որ մնացած բոլոր նախարարների պաշտոնակատարները պետք է վերանշանակվեն իրենց պաշտոններում։


Արտակարգ իրավիճակների, գյուղատնտեսության և քաղաքաշինության նախարարների հարցն էլ որոշվել էր ՕԵԿ քաղխորհրդի նիստում, քանի որ նշված գերատեսչությունների պորտֆելները կոալիցիոն համագործակցության շրջանակներում պատկանում էին այդ կուսակցությանը։


Ըստ այդմ՝ որոշվել էր նշված նախարարությունների ղեկավարներին չփոխել, այսինքն՝ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնում թողնել Արմեն Երիցյանին, գյուղատնտեսության նախարարի պաշտոնում՝ Սերգո Կարապետյանին, քաղաքաշինության նախարարի պաշտոնում՝ Սամվել Թադևոսյանին։
 

Հիշեցնենք, որ 2013-ի նախագահական ընտրություններից հետո հանրապետության Նախագահն ընդունեց Կառավարության հրաժարականը, և նոր Կառավարություն ձևավորումը տևեց մինչև մայիսի 7-ը: