Չնայած նրան, թե որ օլիգարխիկ խումբը որին կհոշոտի, Հայաստանի համար դրանից ոչ մի բան չի փոխվելու. Աշոտ Մանուչարյան

19:24 • 07.05.14

Ղարաբաղ կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանի համոզմամբ՝ ներքաղաքական դաշտում ինտրիգային տարբերակները շատ են, սակայն ինքը նույն ինտրիգային դաշտ չի ուզում մտնել, քանի որ նրան չի հետաքրքրում, թե որ խումբը որին կհոշոտի։

 

«Ինտրիգային տարբերակները շատ-շատ են՝ սկսած նրանից, որ շատ հավանական է՝ անսպասելի ալյանսներն ստեղծված են նրա համար, որ օլիգարխիկ մի խումբը գա ու մյուս խմբին հոշոտի, և պարտադիր չի, որ դրանք լինեն այն խմբերը, որոնց մասին դուք գրում եք թերթերում։ Ձեզ թվում է, թե կա մեկ կամ երկու խումբ, բայց կարող է՝ կա նաև երրորդ խումբը, և մեկն ուզում է այն երկուսին հոշոտել»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց Մանուչարյանը և հավելեց, թե դրանով հանդերձ ինքն ինտրիգային դաշտ չի ուզում մտնել։

 

«Չնայած նրան, թե որ խումբը որին կհոշոտի, Հայաստանի համար դրանից ոչ մի բան չի փոխվելու, ես ինչի՞ մտնեմ, այդ խնդիրները նայեմ։ Դա նույնն է, ոնց որ հիմա քննարկեմ, թե Գեմանիայի ֆուտբոլային առաջնությունում ով կզբաղեցնի առաջին տեղը, այդտեղ գոնե մի փոքր իմաստ կա՝ Մխիթարյանն է խաղում, իսկ այս հարցերի մեջ ոչ մի իմաստ չկա, համոզված եղեք՝ որ օլիգարխն էլ գա, հոշոտելու է Հայաստանը»,-ասաց նա։

 

Ինչ վերաբերում է ընդդիմադիր դաշտին, ապա Մանուչարյանը նկատեց. «Դիմադիրները ընդդիմադիրներից տարբերվում են նրանով, որ եթե մի ժամանակ ընդդիմադիր էին, այսօր արդեն դիմադիր են և այլն»։


Նա նշեց, որ խոսքը քաղաքական ընդդիմադիրների մասին է, ոչ թե ժողովրդի ընդդիմադիր հատվածին։


«Ես միշտ առանձին եմ դիտարկում մեր ժողովրդի ընդդիմադիր հատվածին, որը միշտ ընդդիմադիր է, հատկապես՝ ակտիվ ժողովրդին, որը բարձրացնում է Հայաստանը կատարյալ դարձնելու հարցերը։ Հիմա որ ընդդիմություն ենք ասում, նրանք իսկապես ընդդիմադիրների 95 %-ն են կազմում, իսկ այն 5 %-ն էլ կազմում են առաջնորդները, որոնցից շատերը տարբեր գործարքների մեջ են մտնում։ Որպես կանոն՝ նրանք հայկական արժեհամակարգը կորցրած մարդիկ են՝ տրված առևտրի համակարգին»,-ասաց նա։