Օբաման կհանդիպի սիրիական ընդդիմության ղեկավարին

12:19 • 07.05.14

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման պատրաստվում է հանդիպել սիրիական ընդդիմության ղեկավար Ահմադ ալ Ջաբրային, ով ներկայում գտնվում է Վաշինգտոնում՝ Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերիի ու այլ պաշտոնյաների հետ հանդիպելու նպատակով։

 

Ինչպես նշում է Al Arabiya-ն՝ վկայակոչելով Սպիտակ տան ներկայացուցչին, նրանց հանդիպման հստակ օրը հայտնի չէ։ Աղբյուրը նկատում է, որ Օբամա-Ջաբրա հանդիպումը կաևոր է այն առումով, որ հունիսին Սիրիայում կայանալու են նախագահական ընտրություններ։ Դրանց մասնակցող գործող նախագահ Բաշար ալ Ասադը երկիրը կառավարում է 2000թ. ի վեր՝ իշխանությունը ստանալով հանգուցյալ հորից։

 

Al Arabiya-ն հավելում է, որ 2012թ. դեկտեմբերին ԱՄՆ-ն Սիրիայի ընդդիմադիր խորհուրդը ճանաչել է սիրիացի ժողովրդի պաշտոնական ներկայացուցիչը։ Իսկ երկուշաբթի հայտարարվել է, որ Պետդեպն ընդդիմության՝ Վաշինգտոնում ու Նյու Յորքում գտնվող գրասենյակներին կտա դիվանագիտական կարգավիճակ, ինչպես նաև հավելյալ 27 մլն դոլարի օգնություն կտրամադրի նրանց։