Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտում ամփոփվել են հանրապետական օլիմպիադայի արդյունքները

23:48 • 07.05.14

 

 

Մայիսի 7-ին ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտում անցկացվել է «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայական հանրապետական օլիմպիադայի եզրափակիչ փուլը:


«Նախնական զինվորական պատրաստություն» առարկայական օլիմպիադան անցկացվել է 2 փուլով: Հանրապետական օլիմպիադային մասնակցում էին մարզերում անցկացված մրցումներում հաղթող ճանաչված կրթօջախների աշակերտները, ովքեր երեք օր շարունակ զինվորի առօրյայով ապրեցին Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում` անմիջականորեն զգալով զինվորական լինելու պատասխանատվությունը:


Ինչպես հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից՝ պատանիների ֆիզիկական, կրակային և շարային պատրաստվածությանն անձամբ ծանոթանալու և անցկացվող մրցումներին հետևելու նպատակով մայիսի 7-ին ռազմական ինստիտուտ է այցելել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:


Ողջունելով օլիմպիադայի մասնակիցներին, պաշտպանական գերատեսչության ղեկավարն ընդգծել է երիտասարդ սերնդին հայրենասիրական ոգով դաստիարակելու կարևորությունը, հավաստիացրել, որ հպարտ է նման պատանիներով, քանի որ նրանք են զինված ուժերի ապագա զինվորներն ու հայրենիքի սահմաններն անառիկ պահողները:


Օլիմպիադայի փակման արարողության ժամանակ մրցանակների են արժանացել անցկացված մրցումների արդյունքներով լավագույնը ճանաչված թիմերը: Թիմային ընդհանուր հաշվարկով Տավուշի և Լոռիի մարզերի հավաքականները զբաղեցրել են համապատասխանաբար երկրորդ և երրորդ տեղերը: Առաջին տեղը զբաղեցրել է Արցախի թիմը, որը, ի դեպ, արդեն երկրորդ տարին է, ինչ հաղթող է ճանաչվում առարկայական օլիմպիադայում:


Պաշտպանության նախարարի կողմից պատվոգրերի և հուշանվերների են արժանացել նաև օլիմպիադայի ընթացքում լավ արդյունքներ արձանագրած մի շարք դպրոցների զինղեկեր ու աշակերտներ: