Բեռլուսկոնիի կուսակցությունն Իտալիայում Պուտինի անվան ակումբ է բացել

16:53 • 07.05.14

Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի «Առա՛ջ, Իտալիա» կուսակցությունն օրերս բացել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի անվան ակումբ։ Euromag-ը մանրամասնում է, որ ակումբը ներկայացվում է որպես Բեռլուսկոնիի ու Պուտինի վարած քաղաքականությանն աջակցող քաղաքացիների միավորում։

 

Հայտնի է, որ Պուտինի անվան ակումբը զբաղվելու է ռուս-իտալական նախագծերի իրականացմամբ, ինչպես նաև Ապենիններում ռուսական մշակույթի ու տնտեսության առաջխաղացմամբ։ Ակումբի գրասենյակը գտնվում է Միլանում։

 

Դրա բացման պաշտոնական արարողության ժամանակ Բեռլուսկոնիի կուսակցության ներկայացուցիչն ասել է, որ ակումբը կոչվել է Պուտինի անունով՝ հաշվի առնելով ռուս ղեկավարի ու Բեռլուսկոնիի միջև ընկերական ջերմ հարաբերությունները և այն փաստը, որ Պուտինը միշտ աջակցել է Իտալիայի նախկին վարչապետին՝ անգամ ամենադժվարին պահերին։

 

Նա նաև նշել է, որ Պուտինն այն քաղաքական գործիչն է, ով կարողանում է միջազգային հանրության առաջ պաշտպանել իր երկրի տնտեսական ու քաղաքական ինքնիշխանությունը, ավանդական արժեքները, ինչն այժմ պակասում է Իտալիային։