Տղամարդը ձերբակալվել է «Սևոլի» նավաբեկության մասին ապատեղեկատվություն տարածելու համար
Հարավային Կորեայի ոստիկանությունը չորեքշաբթի հայտարարել է մի տղամարդու ձերբակալության մասին, ով համացանցում լուրեր է տարածել, թե «Սևոլ» ուղևորափոխադրող նավը խորտակվել է ամերիկա-հարավկորեական զորավարժությունների անցկացման պատճառով, գրում է ria.ru-ն՝ հղում անելով «Ռենհապ» գործակալությանը:
Ոստիկանության տեղեկություններով՝ Շին ազգանունով 50-ամյա տղամարդը տեղեկություն է տարածել, թե «Սևոլ» նավը խորտակվել է, որովհետև շեղվել է ճանապարհից ամերիկա-հարավկորեական զորավարժությունների անցկացման պատճառով: Իր խոսքերը հաստատելու համար Շինը մեջբերել է «Սևոլի» նավաբեկության շրջանում կրակային վարժանքների մասին զգուշացումները, որոնք իբր ապրիլի 15-ին և 16-ին տարածել է Հիդրոգրաֆիայի և օվկիանոսագրաֆիայի վարչությունը: Ոստիկանությունը հերքել է այդ տեղեկությունը՝ հայտարարելով, որ այդ շրջանում զորավարժություններն անցկացվել են միայն ապրիլի 15-ին:
Շինը նաև ամերիկյան ատոմային սուզանավի լուսանկար էր տեղադրել՝ հավելելով, որ հենց այդ սուզանավը շրջանցելիս է «Սևոլն» իրականացրել ճակատագրական կտրուկ շրջադարձը: Ոստիկանությունը պարզել է, որ այդ լուսանկարը տղամարդը վերցրել է համացանցից:
Հիշեցնենք, որ նավի խորտակման հետևանքով մահացել է ավելի քան 260 մարդ։










