Տե՛ր Աստված, այնքան ենք ուզում ապրել. Սլավյանսկի երեխաներն ակցիա են կազմակերպել ընդդեմ պատերազմի (տեսանյութ)
Ուկրաինական Սլավյանսկ քաղաքի երկաթուղային կայարանում երեխաներն ակցիա են կազմակերպել ընդդեմ իրենց քաղաքում ռազմական գործողությունների։ Ինչպես նշում է korrespondent.net-ը, ակցիային երեխաներից բացի մասնակցել են նաև նրանց մայրերը։
Հաղորդվում է, որ երեխաները ձեռքերում պահել են պաստառներ՝ հետևյալ գրություններով. «Մենք ահաբեկիչներ չենք», «Տե՛ր Աստված, այնքան ենք ուզում ապրել», «Երեխաները կարող են զոհվել ամեն վայրկյան», «Եթե մենք զոհվենք, միլիոնավոր երեխաներ սա Ձեզ չեն ների»։
«Մենք հոգնել ենք ուղղաթիռների ու հրաձգության ձայնից առավոտյան 4-ին արթնանալուց։ Ինչքա՞ն կարելի է հանդուրժել սա։ Մենք ոչինչ չենք խնդրում. թող Ուկրաինան հետ քաշի իր զորքերը, իսկ մնացածից մենք ինքներս գլուխ կհանենք»,- ասել է ակցիայի մասնակիցներից մեկը։
Հիշեցնենք, որ Ուկրաինայի զինված ուժերը հատուկ օպերացիա են իրականացնում Սլավյանսկում, ինչի հետևանքով գրանցվել են զոհեր ու վիրավորներ։










