ՀՀ–ում ՌԴ դեսպանը կա՛մ պետք է ներողություն խնդրի, կա՛մ՝ հեռանա. հայտարարություն
ՀՀ իշխանություններից պահանջում ենք կարգի հրավիրել Հայաստանում Ռուսաստանի դեսպան Վոլինկինին, հասնել նրան, որ վերջինս կամ հեռացվի իր պաշտոնից, կամ պատշաճ կերպով ներողություն խնդրի Հայաստանի քաղաքացիներից: Այս մասին ասվում է մի շարք ՀԿ-ների համատեղ հայտարարության մեջ՝ ի պատասխան ՀՀ–ում ՌԴ դեսպանի ավելի վաղ հնչեցրած տեսակետի, թե պետք է զբաղվել այն ՀԿ-ների չեզոքացմամբ, որոնք ցանկանում են սեպ խրել հայ-ռուսական հարաբերություններում։
Հայտարարությունը մեջբերում ենք ամբողջությամբ. «Հայաստանում ՌԴ դեսպան Վոլինկինը, ով 2007 թվականին Վրաստանի հանդեպ հետախուզական գործունեություն ծավալելու համար իշխանությունների կողմից հայտարարվեց անցանկալի անձ (pesona-non-grata) և վտարվեց երկրից, «Նոյան Տապան» պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է. «Ես վստահ եմ, որ Ռուսաստանը պետք է ավելի աշխույժ հայտարարի Հայաստանի ինֆորմացիոն դաշտում իր ներկայության մասին: Դրանում ոչ մի կասկած չկա: Սակայն, զբաղվել այն ՀԿ-ների չեզոքացմամբ, որոնք ցանկանում են սեպ խրել հայ-ռուսական հարաբերություններում, թերևս հարկ է օգտագործելով նաև այլ մեթոդներ: Ռուսաստանում, ի դեպ, ընդունված է օրենք, որը միանգամայն հստակ կարգավորում է ՀԿ-ների գործունեությունը: Վերջնարդյունքում միանգամայն ակնհայտ է, որ նրանք, ովքեր ուղղում են իրենք գործունեությունը հայ-ռուսական բարեկամության դեմ, բարին չեն ցանկանում թե Ռուսաստանին, թե Հայաստանին»:
Ավելի վաղ` 2014 թ. ապրիլի 12-ին Երևանում նույն Վոլինկինը հայտարարել էր, որ Ռուսաստանը կկանխի «մեր մտքին ու սրտին խորթ գաղափարներ սերմանելու պատրվակով» իրականացվելիք ցանկացած ագրեսիվ միջամտություն իր բարեկամ երկրների ներքին գործերին։
Այս գնահատականները առայժմ, պատշաճ պատասխան չեն ստացել ՀՀ իշխանությունների կողմից:
Մենք այսօրինակ հայտարարությունները գնահատում ենք ինչպես դիվանագիտական ընդունված նորմերի ոտնահարում, այնպես էլ` կոպիտ միջամտություն Հայաստանի ներքին գործերին և Հայաստանի հանրապետության ինքնիշխանության նկատմամբ ոտնձգության հերթական փորձ:
Դեսպան Վոլինկինը պարտավոր է զգոն և աչալուրջ լինել, հասկանալ և հարգել ՀՀ Սահմանադրությունը, իմանալ, որ Հայաստանը ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական պետություն է: Այս հայտարարություններով Վոլինկինն իրեն օրենքից դուրս է դրել:
ՀՀ իշխանություններից պահանջում ենք կարգի հրավիրել Հայաստանում ՌԴ դեսպան Վոլինկինին, հասնել նրան, որ վերջինս կամ հեռացվի իր պաշտոնից, կամ պատշաճ կերպով ներողություն խնդրի Հայաստանի քաղաքացիներից:
Միաժամանակ հայտարարելով, որ Հայաստանում չկան հայ-ռուսական բարեկամության դեմ գործունեություն ծավալող հասարակական կազմակերպություններ, դեսպան Վոլինկինին խորհուրդ ենք տալիս այդպիսի վհուկների դեմ որսը կազմակերպել Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս:
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն
Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան
«Համագործակցություն հանուն ժողովրդավարության» ՀԿ
«Մենք պլյուս» սոցիալական ՀԿ
«Կրթության ասպարեզ» ՀԿ
«Գոեֆոն» ՀԿ
«Խաղաղության երկխոսություն» ՀԿ
«Իրավունքների տեղեկատվական կենտրոն» ՀԿ
«Մարդու իրավունքների և կոնֆլիկտների ուսումնասիրության ինստիտուտ» ՀԿ
Հայկ Նազարեան
Հասմիկ Կնյազյան
«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ
Երաշխիք Քաղաքացիական Հասարակության Զարգացման Կենտրոն ՀԿ
Դավիթ Շահնազարյան
«Շիրակ կենտրոն» ՀԿ
Հանրային լրագրության ակումբ
Գևորգ Տեր-Գաբրիելյան
«Վանաձոր և քույր քաղաքներ» ՀԲԿ
«Ազատ քաղաքացի» Քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոն
«Պետական կարիքների զոհեր» ՀԿ
Արա Նեդոլյան
«Գյումրու առաջընթաց» ՔՀԶԿ
Վահանգ Անտոնյան
Հայտարարությունը բաց է, անհատները, քաղաքացիական խմբերը և կազմակերպությունները կարող են միանալ՝ այդ մասին հայտարարելով»:










