Հանրապետականի էֆեկտիվությունը գործադիր մարմնում էլ ավելի ակներև կդառնա հաջորդ տարիներին. Արմեն Աշոտյան
ՀՀԿ-ն է ստեղծել բոլոր ու այս կառավարությունը ևս, և այդ տեսակետից Հանրապետականի էֆեկտիվությունը գործադիր մարմնում էլ ավելի ակներև կդառնա հաջորդ տարիներին։ Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում վստահեցրեց կրթության և գիտության նախարար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: Ըստ նրա՝ կառավարության նոր ծրագիրը կլինի մաքսիմալ արդյունավետ։
«Կառավարության ծրագրերը ստեղծվում են տվյալ ժամանակահատվածում տվյալ սոցիալական, քաղաքական տնտեսական կանխատեսումների շրջանակում»,-ասաց նա:
Նախարարը նշեց, որ ԿԳ նախարարությունը նախորդ ծրագրում ուներ շուրջ քսան ծրագրային առաջարկ կրթության բնագավառից և տասը առաջարկ գիտութան բնագավառից:
«Իհարկե, մի մասն արդեն կատարվել է, քանի որ նախորդ կառավարությունն իր գործունեությունը սկսել է 2013 թվականից, աշխատանքների մի մասն ավարտել ենք, այդ հատվածը կառաջարկենք հանել ծրագրից ու կհավելենք նոր նախագծեր: Կրթության բնագավառում նոր առաջարկների թիվը մոտավորապես 20-30%-ն է: Կլինեն նաև շարունակական բնույթի բարեփոխումներ, որոնք անխուսափելի են»,-ասաց նա:
Հարցին, թե նախորդ կառավարության հետ համեմատ՝ ինչպիսինն է ներկայիս կառավարությունը, նախարարը պատասխանեց. «Շատ էֆեկտիվ, գործունեությանը միտված կառավարություններ ենք մենք ունեցել, այս կառավարությունը ևս բացառություն չէ՝ հատկապես հաշվի առնելով, որ համալրված է հիմնականում փորձառու կառավարիչներով, և ՀՀԿ-ն է ստեղծել բոլոր ու այս կառավարությունը ևս, և այդ տեսակետից «Հանրապետականի» էֆֆեկտիվությունը գործադիր մարմնում էլ ավելի ակներև կդառնա հաջորդ տարիներին»,-ասաց նա:










