Քննության մեխանիզմները ձևական չեն. Ա. Աշոտյանը մասնակցեց դպրոցների տնօրենների քննությանը (լուսանկարներ)

11:53 • 08.05.14

Երևանի Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 դպրոցում այսօր ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը մասնակցեց հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագիր) հավակնորդների քննությունների մեկնարկին, շրջեց դասասենյակներում և խոսելով արդեն քննության մասին` ասաց, թե այս մեխանիզմը գործում է արդեն մի քանի տարի, հարյուրավոր հավակնորդներ հաջողությամբ հանձնել են քննությունները, սակայն մեծ է նաև կտրվողների թիվը:

«Նախորդ տարիների վիճակագրությունը ցույց է տալիս, որ հավակնորդների 20 տոկոսից ավելին չի հաղթահարում գրավոր կամ բանավոր փուլը»,-նշեց նախարարը՝ շարունակելով, թե քննությունների օբյեկտիվությունից դժգոհություններ չեն ունենում:

«Ունենք դեպքեր, երբ բողոքարկման արդյունքում հանձնաժողովը վերանայել է իր որոշումը: Մեխանիզմները ձևական չեն, աշխատում են»,-ասաց նախարարը։

Արմեն Աշոտյանն ասաց, թե մտադիր են ամեն տարի մի քիչ ավելի բարդացնել քննությունների բովանդակությունը՝ ավելի խիստ պահանջներ դնելով ապագա տնօրենների առջև: «Մեր վերջնական ակնկալիքն այն է, որ դպրոցում աշխատեն լավագույն կադրերը՝ որպես տնօրեն և որպես մանկավարժ»,-իր խոսքում ընդգծեց նախարարը՝ հավելելով, թե այս տարիների ընթացքում քննությունների ոչ հաջող մասնակցության հետևանքով հանրապետության դպրոցներում 200-ից ավելի տնօրեններ փոխվել են:

Երևանի ավագանու «Բարև Երևան» դաշինքի անդամ Անահիտ Բախշյանը, ով նույնպես հետևում էր քննությունների ընթացքին, ասաց, թե այս քննությունները նախատեսված են օրենքով և հավաստագիր չունեցող մարդը չի կարող դպրոցի տնօրենի մրցույթին մասնակցել:

«Պարոն Աշոտյանի հետ Ազգային ժողովի պատգամավոր եղած ժամանակ օրենքի այս կետը մտցրինք, որպեսզի մի դրույթ սահմանվի, որն անցնելուց հետո մարդիկ միայն իրավունք կունենան տնօրեն աշխատելու: Իմ հաշվարկներով 60-40 տոկոս հարաբերակցությամբ հոգուտ դրականի է իրականցվում այն»,-հաղորդեց Անահիտ Բախշյանը՝շարունակելով, թե քննությունների ընթացքում հնարավոր չէ անարդարություններ լինեն՝ հատկապես գրավորի ժամանակ, իսկ բանավորի ժամանակ հնարավոր է, որ մարդկային գործոնն աշխատի:

«Սա լավ գործընթաց է, բայց անարդարության չափն ուղիղ համեմատական է այն չափին, որքանով որ մեր երկրում անարդարությունն ամեն տեղ է»,-եզրակացրեց նա: