ՌԴ-ում ադրբեջանցին կրակել է ոստիկանի և պատանդ վերցրել 4 քաղաքացիների (լուսանկարներ)
Ռուսաստանում բնակվող ադրբեջանցի Աբդուլլահ Մահոմեդալիևը կրակել է երկու ոստիկանների ուղղությամբ և թաքնվել Նիժնևարտովսկի շենքերի շքամուտքերից մեկում՝ պատանդ վերցնելով բնակիչներին, տեղեկացնում է ադրբեջանական haqqin.az կայքը՝ ռուսական լրատվամիջոցներին հղումով։
Համաձայն առկա տեղեկությունների՝ Նիժնևարտովսկի 4 բնակիչ պատանդ է մնացել յոթուկես ժամ։
Ոստիկանների՝ փաստաթղթեր ներկայացնելու պահանջին ի պատասխան երկու կասկածելի քաղաքացիներից մեկը հանել է ատրճանակն ու կրակել իրավապահի կրծքին, ինչից հետո նրանք փախել են հանցանքի վայրից։
Նրանցից մեկը շուտով ձերբակալվել է փողոցում, իսկ երկրորդը մտել է շքամուտք և փորձել է տանիք բարձրանալ, սակայն դուռը փակ է եղել, և հանցագործին անելու ոչինչ չի մնացել, քան ներխուժել մոտակա բնակարան, որտեղ գտնվել են տարեց ամուսիններ, նրանց դուստրն ու մանկահասակ երեխան։
Ուժայիններն արագ պարզել են, թե որտեղ է թաքնվում հանցագործը։ Երկար ժամանակ նա սպառնացել է սպանել ողջ ընտանիքին, սակայն երբ ժամեր անց պատուհանից տեսել է դիպուկահարներին, որոշել է հանձնվել։
Նախնական տեղեկություններով՝ պատանդները չեն տուժել։ Դուրս գալուց առաջ ադրբեջանցին պատանդ կանանցից մեկին է հանձնել ատրճանակը։ Ավելի ուշ պարզվել է, որ տղամարդը նախկինում դատապարտված է եղել և կալանավայրից ազատ է արձակվել 2012թ.-ին։













