«ԴԵՄ ԵՄ»-ը կրկին պահանջում է չպարատադրել պարտադիրը. «Պահանջի երթ» (լրացված)
Քիչ առաջ «Մոսկվա» կինոթատրոնի մոտից՝ Շառլ Ազնավուրի անվան հրապարակից, մեկնարկեց «Դեմ եմ»-ի «Պահանջի երթը», որն առաջին հանրային լայնամասշտաբ միջոցառումն է ապրիլի 18-ից հետո:
Երիտասարդները հավաքվում են Շառլ Ազնավուրի անվան հրապարակում՝ իրենց հետ բերելով եռագույներ և «ԴԵՄ ԵՄ»-ի դրոշներն ու պաստառները:
Նախաձեռնության ներկայացուցիչ Դավիթ Մանուկյանը Tert.am –ի հետ զրույցում երթի նպատակը ձևակերպել էր՝ ասելով.«Կուտակային»-ի հարցում իրականում կա բառախաղ ու՝ ոչ մի շոշափելի քայլ»:
«Պահանջն այն է, որ առանց պարտադրանքի լինի, կամավոր, մեր պայքարի իմաստը միշտ դա է եղել»,-ասում է նախաձեռնության անդամ Դավիթը:
Պատասխանելով հարցին, թե վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարության համաձայն՝ կանի այնպես, որ պարտադիրը դե ֆակտո չլինի, նախաձեռնության անդամն ասաց. «Խոստումները մնացին ուժի մեջ, բայց իրականություն չդարձան»:
«ԴԵՄ ԵՄ»-ի «Պահանջի երթը» անցնելու է Սայաթ Նովա- Օպերա –Հանրապետության հրապարակ երթուղով:
20.13
«Հայաստանում շատ քիչ են ոգևորող և քաջալերող խոսքեր ասել, շատ քիչ են մարդկանց ցույց տվել, որ իրենք կարող են պայքարել և ինչ-որ բան փոխել: Մենք հավատում ենք, որ կարող ենք ինչ-որ բան փոխել»,-հայտարարեց «ԴԵՄ ԵՄ» նախաձեռնության անդամ Տիգրան Հովհաննիսյանը և հետևյալ իրավիճակը նկարագրեց.կան բազմաթիվ գործատուներ, ովքեր պահումներ չեն կատարում իրենց աշխատողներից, բայց հիմնականում՝ պետական հիմնարկներում կամ այն մասնավոր հիմնարկներում, որտեղ չեն կարողանում դիմակայել իշխանական ճնշումներին, կատարվում են պարտադիր պահումներ:
«Արդյո՞ք դա հանդուրժելի է»,-այս հարցին ի պատասխան շարքերից վանկարկեցին՝ «ո´չ»: Հայտարարվեց, որ այսպիսով՝ Սահմանդրական դատարանի որոշումը երկրով մեկ ոտնահարվում է՝ Նախագահից սկսած՝ մինչև իշխանության ամենացածր օղակներ:
Նախաձեռնության անդամ Դավիթ Մանուկյանն էլ դիմեց հետևյալ խոսքով.«Պայքարողնե´ր ջան, մենք մինչ օրս բացի գեղեցիկ հայտարություններից, խոստումներից, այլ բան լսե՞լ ենք: Ո´չ: Եթե ՀՀ իշխանությունները պատրաստ չեն՝ ընկալելու երկրի սահմանդրական բարձագույն ատյանի որոշման էությունը, ուրեմն՝ այդ դերն իր վրա կվերցնի «ԴԵՄ ԵՄ»-ը: Յուրաքանչյուր ելույթից հետո լսվում էր՝ «Մենք ենք տերը մեր երկրի»:
20.35
Ակցիայի մասնակիցները Ազատության հրապարակին հարակից տարածքում Օգյուստ Ռոդենի հարևանությամբ գտնվող վայրում հայտարարեց ժամանակավոր նստացույց:
21.04
Բողոքի ակցիայի մասնակիցները նստացույցը անցկացնում են՝ ռոք երաժշտություն լսելով, ինչպես նաև՝ ժամանակ առ ժամանակ վանկարկելով.« Պա- հան- ջում ենք, պա- հան- ջում ենք», «Ո´չ թալանին» կամ ՝ «ԴԵՄ ԵՆՔ»:
Կոչ է արվում իշխանություններին՝ հասկանալ, որ կուտակայինը բարեփոխում չէ, այլ՝ չարիք, և հնչում են իշխանություններին ուղղված կոչեր՝ վերանայել իրենց պահվածքը:










