«Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության» խորհուրդը հրաժարվել է հանրաքվեն հետաձգելուց
«Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության» խորհուրդը (Ուկրաինայի դաշնայնացման կողմնակիցները, որոնք Դոնեցկը հանրապետություն են հռչակել- Tert.am) չի հետաձգի հանրաքվեն և այն կանցկացնի նախապես որոշված օրը՝ մայիսի 11-ին, հայտարարել է «հանրապետության կառավարության» համանախագահ Միրոսլավ Ռուդենկոն, հաղորդում է Russia Today-ը:
Շրջանի անկախության վերաբերյալ հանրաքվեն չհետաձգելու մասին որոշել են «Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության» ժողովրդական խորհրդի անդամները: Համապատասխան որոշումը կայացվել է միաձայն. «կողմ» է քվեարկել 78 պատգամավոր, գրում է zn.ua-ն:
Դաշնայնացման կողմնակիցները նշել են, որ «ողջ հարգանքով» են վերաբերում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, սակայն հանրաքվեն անցկացնելու գործընթացը կանգնեցնել արդեն չեն կարող: Ընդ որում՝ նրանք շնորհակալություն են հայտնել Պուտինին, որ նա «հանրաքվեի մասին լուրը տարածել է աշխարհի բոլոր անկյուններում»:
«Դա մեր որոշումը չէ, դա Դոնբասի ժողովրդի որոշումն է: Դոնբասի ժողովուրդը հնարավորություն է ստացել քաջություն ցուցաբերել, և մենք իրավունք չունենք նրանց այդ հնարավորությունից զրկելու»,- հայտարարել է դաշնայնացման կողմնակիցներից մեկը:
Մայիսի 7-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ էր արել Ուկրաինայի հարավ-արևելքի ռուսամետ տրամադրված ակտիվիստներին հետաձգել հանրաքվեի անցկացումը։










