Ժողովուրդն է որոշում` որ փողոցով է անցնելու հաղթանակը, կարող է և Աբովյան 43-ով անցնել. ՕԵԿ պատգամավոր
«Օրինաց երկիր» խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանն ըմռնումով է մոտենում ԲՀԿ –ՀՀԿ փոխադարձ «հրաձգություններին», երբ ՀՀԿ-ն պնդում է, որ եթե որեւէ մեկը գալիք տարիների ընթացքում հավակնում է նախագահի կամ վարչապետի պաշտոնին, ապա այդ ճանապարհն անցնում է Մելիք-Ադամյան փողոցով, իսկ Գագիկ Ծառուկյանը պատասխանում է, թե այս անգամ հաղթանակը կշրջանցի նշված փողոցը։ Հովհաննես Մարգարյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, թե հաջորդ նախագահական ընտրություններին հավակնորդ ուժերը երկուսը չեն, և հնարավոր է, որ հաղթանակն անցնի Աբովյան 43-ով։
«Չեմ ուզում որևէ գնահատկան տալ պարոն Ծառուկյանի հայտարարությանը, որովհետև յուրաքանչյուր քաղաքական գործիչ իր հայտարարություններում ազատ է: Ըմբռնումով եմ մոտենում այդ հայտարարությանը»,- ասաց ՕԵԿ պատգամավորը։
Ինչ վերաբերում է փողոցների անվանմանը, ապա Հովհաննես Մարգարյանը նշեց. «Ժողովուրդն է որոշում, որ փողոցով է անցնելու հաղթանակը, դա է իմ կարծիքը: Հիմա կարող է Աբովյան 43-ով անցնի. հետևությունը թողնում եմ ձեզ»։
Նշենք, որ ՕԵԿ կենտրոնական գրասենյակը գտնվում է Աբովյան 43 հասցեում։










