Ռուսաստանը մինչ 2050թ. կգաղութացնի Լուսինը. Известия

10:12 • 08.05.14

Ռուսաստանը մտադիր է մոտ տասնամյակներում գաղութացնել Երկրի բնական արբանյակ Լուսինը, ինչի արդյունքում արդեն 2050-ական թվականներին դրա վրա բնակելի կայան կգործի, հայտնում է Лента-ն՝ Известия-ին հղումով։

 

Նշվում է նաև, որ Լուսնի գաղութացման ծրագիրը հաջողությամբ իրականացնելու դեպքում հնարավոր կլինի այնտեղ նաև օգտակար հանքանյութեր արդյունահանել։ Հայտնի է, որ Լուսնի վրա կա ալյումին, երկաթ, տիտան, հազվագյուտ մետաղներ ու այլ տարրեր, որոնք արդյունահանելուց ու վերամշակելուց հետո կուղարկվեն Երկիր։ Չի բացառվում, որ այս հարցում կներգրավվեն նաև մասնավոր ներդրողներ։

 

Ռուսական կողմը նաև ընդգծել է, որ նախագծի իրականացման համար անհրաժեշտ է միջազգային համագործակցություն՝ շեշտելով, որ ամեն դեպքում ազգային լուսնային ծրագրի անկախությունը պետք է պահպանվի՝ անկախ նրանից, թե որքան օտարերկրյա գործընկերներ են ներգրավված նախագծում։

 

Աղբյուրը մանրամասնում է, որ Լուսնի գաղութացման նախագիծն իրականացվելու է 3 փուլով։ 2016-2025թթ. ընթացքում կուղարկվեն «Луна-25», «Луна-26», «Луна-27» և «Луна-28» ավտոմատացված միջմոլորակային կայանները, որոնք ապագա բազայի համար հարմար տեղ կընտրեն։

 

2028-2030թթ. կիրականացվեն գիտարշավներ դեպի Լուսնի ուղեծիր. այդ նպատակով ստեղծվում է Энергия տիեզերանավը։ 2030-2040թթ. տիեզերագնացները կայցելեն Լուսնի այն հատված, որտեղ կառուցվելու է կայանը։ Նշվում է, որ միայն առաջին փուլն իրագործելու համար կպահանջվի 28.5 մրդ ռուբլի։
 

Ռուսաստանը մինչ 2050թ. կգաղութացնի Լուսինը. Известия