Ուկրաինայի հարավ-արևելքում հակաահաբեկչական գործողությունը կշարունակվի՝ անկախ հանրաքվեի մասին որոշումից
Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Անդրեյ Պարուբին հայտարարել է, որ երկրի հարավ-արևելքում հակաահաբեկչական գործողությունը կշարունակվի՝ անկախ մայիսի 11-ի հանրաքվեի մասին որոշումից, գրում է «Ուկրաինսկայա պրավդա»-ն:
«Հակաահաբեկչական գործողությունը կշարունակվի՝ անկախ Դոնեցկի շրջանում գտնվող այս կամ այն դիվերսիոն կամ ահաբեկչական խմբերի որոշումից»,- ասել է Պարուբին:
Այսօր ժամը 10:00-ի դրությամբ՝ «Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության» ներկայացուցիչները չեն հրաժարվել շրջանի կարգավիճակի մասին հանրաքվե անցկացնելու գաղափարից, նրանք շարունակում են քաղաքացիներին քվեարկության համար ձևաթերթիկներ բաժանել:
Հինգշաբթի ցերեկը Դոնեցկում արտահերթ նիստի կհավաքվի «Դոնեցկի Հանրապետության ժողովրդական խորհուրդը»՝ հանրաքվեի ամսաթիվը տեղափոխելու մասին ՌԴ նախագահի կոչը քննարկելու համար։ Ի դեպ, Մոսկվան սպասում է նրանց պատասխանին։










