Մոսկվան Դոնեցկի պատասխանին է սպասում
Կրեմլում սպասում են Ուկրաինայի արևելքում հանրաքվեի ամսաթվի տեղափոխման հարցի շուրջ Դոնեցկում ժողովրդական հավաքի արդյունքներին, գրում է telegraf.com.ua-ն:
«Մենք կսպասենք Դոնեցկում ժողովրդական հավաքի արդյունքներին»,- հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Русская служба новостей» գործակալությանը:
Նա պարզաբանել է, որ ՌԴ նախագահը դեռ պատասխան չի ստացել Ուկրաինայի դաշնայնացման կողմնակիցներին ուղղված իր կոչին՝ հետաձգելու մայիսի 11-ին նախանշված հանրաքվեն:
Այդ կոչով Վլադիմիր Պուտինը ելույթ էր ունեցել նախօրեին, Շվեյցարիայի համադաշնության նախագահ, ԵԱՀԿ գործող նախագահ Դիդյե Բուրքհալթերի հետ բանակցություններից հետո: ՌԴ նախագահը նշել էր, որ ռուսական կողմը կոչ է անում Ուկրաինայի հարավ-արևելքի ներկայացուցիչներին այդ քայլին գնալ՝ «երկխոսության համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու նպատակով»:










