Ռագըփ Զարաքօլուին Արգենտինայում պատվավոր քաղաքացու կոչում են շնորհել
Թուրքիայում մարդու իրավունքների հարցերով ակտիվիստ, հրատարակիչ և գրող Ռագըփ Զարաքօլուն Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսի Օտոնոմի քաղաքապետարանի կողմից պատվավոր քաղաքացի է հռչակվել, տեղեկացնում է Demokrat Haber կայքը։
Նա նաև մեդալով է պարգևատրվել արգենտինացի պաշտոնյաների կողմից՝ մարդու իրավունքների ու մասնավորապես փոքրամասնությունների իրավունքների և խոսքի ազատության համար մղած պայքարի համար։
Գրքի միջազգային ցուցահանդեսին մասնակցելու նպատակով Բուենոս Այրես մեկնած Ռագըփ Զարաքօլուն իր ելույթում հիշեցրել է, որ 1915թ.-ի ապրիլի 24-ին հայ մտավորականների ձերբակալությամբ սկսվեց խավարի ժամանակաշրջանը։
Նա հիշեցրել է, որ այդ օրը ձերբակալվեցին և աքսորվեցին 250 հայ մտավորականներ՝ Ռուբեն Սևակը, Դանիել Վարուժանը, Գրիգոր Զոհրապը, իսկ ժամանակակից Թուրքիայում սպանվեց Հրանտ Դինքը։
Նա ուշադրություն է հրավիրել մեր օրերի Թուրքիայում կալանքի տակ պահվող մտավորականների վրա և կոչ է արել ազատ արձակել նրանց՝ այդ թվում հայ մտավորական Սևան Նիշանյանին։










