Apple-ն աշխատանքի է հրավիրել Nokia-ի ավագ ինժեներին, ով ստեղծել է PureView տեսախցիկները
Nokia-ի տեսախցիկների գծով ավագ ինժեներ Արի Փարթինենը Twitter-ի իր էջում գրառում է կատարել` հաստատելով այն տեղեկությունը, որ ինքը հեռանում է Nokia-ից՝ Apple-ի թիմին միանալու համար:
Ինչպես գրում է 9to5mac.com կայքը` Apple-ի iPhone-ների տեսախցիկները համարվում են ամենաորակյալներից շուկայում, սակայն Nokia-ի PureView տեսախցիկները, որոնք մինչև 38 և ավելի մեգապիքսել որակ են ապահովում, նույնպես արժանացել են բազմաթիվ օգտատերերի հավանությանը:
Իր թվիթերյան գրառման մեջ ավագ ինժեները հայտնել է. «Այսօր իմ վերջին աշխատանքային օրն է Lumia-ի հոյակապ ընտանիքում: Հունիսին ես կսկսեմ իմ նոր աշխատանքը Կուպերտինոյում, Կալիֆորնիա»։
Փարթինենին համարում են PureView տեխնոլոգիայի հիմնադիրներից մեկը։










