Իշխանություններն այսօր չեն գնահատում հաղթանակի արժեքը. Արամ Մանուկյան
Քսան տարի առաջ հայ ժողովուրդը կնքնել է իր մեծագույն հաղթանակներից մեկը, ու ոչ թե բարոյական, այլ իրական: Երևանի «Հաղթանակ» զբոսայգում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբացկության պատգամավոր Արամ Մանուկյանը՝ ավելացնելով, որ իշխանությունները չեն գնահատում ու չեն արժևորում հաղթանակի արժեքը:
Պատգամավորն ընդգծեց, որ 20 տարի առաջ արձանագրվել է հայ ժողովրդի արժանապատվության, հաղթանակի, իր արժանի զավակների շնորհիվ իրական հաղթանակ:
«Այսօր իշխանությունները չեն գնահատում ու չեն արժևորում այդ արժեքը, չեն գովերգում այդ արժեքն ու այն իրականացնող մարդկանց: Հազարավոր ազատամարտիկներ ու զոհվածների հարազատներ գտնվում են շատ խեղճ վիճակում, մեծ մասն արտագաղթում է Հայաստանից»,-ասաց նա:
Միևնույն ժամանակ Արամ Մանուկյանը լավատեսություն հայտնեց և նշեց, որ հաղթանակը կերտած սերունդը մի օր ըստ արժանվույն կնշի Շուշիի, զարաբաղյան և Հայրենական մեծ պատերազմի հաղթանակը:
«Բայց այս պահին մեր երկրի համար օդի, ջրի նման պետք է այս հաղթանակի արժևորումը: Հայ ժողովուրդը դեռ չի խեղճացել այնքան, որ չգնահատի իր իսկ կերտած հաղթանակը, լավատեսություն եմ ցանկանում, հաղթանակներով լեցուն ժամանակաշրջան, միասին դեռ շատ հաղթանակներ ենք կերտելու»,- ասաց նա:










