Զարմանալի է, որ դեսպանի համար անընդունելի է ստատուս քվոն. Արմեն Աշոտյանն արձագանքել է ԱՄՆ դեսպանի գրառմանը
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, իր ֆեյսբուքյան էջում անդրադառնալով ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆֆերնի թվիթերյան գրառմանը, նշել է.
«Այս տոնական օրով ստիպված եմ անդրադառնում իմ գործընկեր, ԱՄՆ հարգարժան դեսպան Հեֆֆերնի այսօրվա թվիթերյան գրառմանը:
ա. ստատուս-քվոն ո´չ թե «անընդունելի» է, այլ՝ ընդունելի` այնքան ժամանակ, որքան դեռ Մինսկի խմբի համանախագահների կողմից չի մշակվել Արցախի ժողովրդի համար ԸՆԴՈՒՆԵԼԻ լուծում:
բ. զարմանալի է, որ դեսպանի համար անընդունելի է ստատուս քվոն, իսկ պատերազմի մասին հիշատակելիս «անընդունելի» ձևակերպումը բացակայում է: Հուսամ՝ սա Թվիթերի նիշային սահմանափակումների պատճառով արված «հարկադրված» կրճատում է:
գ. բոլոր դեպքերում՝ մենք բարձր ենք գնահատում ԱՄՆ ջանքերը՝ ուղղված խնդրի արդար և խաղաղ կարգավորմանը »:
Հիշեցնենք, որ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը Twitter-ի իր միկրոբլոգում դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի՝ Միջազգային խաղաղության Քարնեգի հիմնադրամում մայիսի 7-ին ունեցած ելույթը քննադատողներին և, մասնավորապես, գրել. «Նրանք, ովքեր քննադատում են դեսպան Ուորլիքի ելույթում առկա փոխզիջումները, հիշեք հետևյալը. կա երեք հնարավոր ելք՝ բանակցությունների ընթացքում ձեռք բերված կարգավորման ուղի, անընդունելի ստատուս քվոյի երկարաձգում կամ պատերազմ: Ընտրե՛ք»:










